«168 ժամ». Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով


09:50 , 1 դեկտեմբեր, 2015

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի՝ Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային և ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրները և մոտոհրաձգային ու հետևակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր։ Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ 168.am–ի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատև՝ միքանիժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում։ Թե ինչ նպատակով, հայտնի չէ։ Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, և մեկը լրացնում է մյուսին։ Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»։

Կամ, Եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարևոր առաքելությամբ։ Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով։ Դրա համար Ռուսաստանը, իհարկե, իրավական հիմնավորումներ ունի, նման «զորաշարժերը» կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, և Հայաստանը, ըստ էության, ոչինչ անել չի կարող դրա դեմ։ Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգում էին «մի քանի տասնյակ մարգինալները», սա սեփական երկրում օտարերկրյա զինված ուժեր ունենալու գինն է, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ Հայաստանն ակամա կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ։ Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ ռուսական այդ գործողությունները նախապատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համար, իսկ Թուրքիան մեր «դարավոր թշնամին» է։ Այսինքն՝ Աստված մի արասցե, ռուս-թուրքական ռազմական առճակատման դեպքում ռուսական զինուժի գործողությունները հանրային աջակցություն կստանան Հայաստանում, քանի որ դրանք ուղղված են լինելու մեր դարավոր թշնամու դեմ։ Այլ հարց է, որ կախված այդ հնարավոր ռազմական գործողությունների մասշտաբներից՝ Հայաստանում, ինչպես ասում են, կարող է «քարը քարին չմնալ»։ Աստված մեզ օգնական»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։