Ադրբեջանում Նարդարանի դեպքերի հետ կապված ձերբակալությունների աշխարհագրությունն ընդլայնվում է


04:30 , 1 դեկտեմբեր, 2015

Հարևան երկրում Նարդարանի դեպքերի հետ կապված ձերբակալությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Այսօր Իրանին սահմանակից, հիմնականում թալիշաբնակ Նեֆթչալայի շրջանում Ոստիկանության և Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 2 անձ՝ վերջին օրերին Նարդարանում տեղի ունեցած դեպքերի հետ կապ ունենալու և նարդարանցիներին զենք մատակարարելու մեղադրանքով։ Ձերբակալվածների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի զենք։

Մինչ այս Ադրբեջանի իրավապահ մարմինները Նարդարանի միջադեպի հետ կապված հատուկ գործողություն են իրականացրել նաև Գյանջայում (Գանձակ) և Լենքորանում, ինչի ընթացքում տարբեր մեղադրանքերով ձերբակալվել է 5 քաղաքացի։

Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են Նարդարանի դեպքերից և ցանկանում են ամեն կերպ ճնշել ոչ իշխանամետ հոգևորականության գործունեություններն ու կանխել անկայունության տանող գործընթացների հետագա զարգացումը:

Սակայն հարկ է նկատել՝ նմանատիպ նախկին դեպքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ հոգևորականության ձերբակալություններով և բանտարկություններով «Բաքվի սուլթանն» ամենևին էլ չի կարող կոտրել պահպանողական հայացքներ ունեցող շիա մուսուլմաններին։

Վերջին օրերին Նարդարանում ծավալված զարգացումների մասին կարող եք կարդալ այստեղ։