Ցեղասպանության հարցը միայն ՌԴ-ն չէ, որ օգտագործում է, բոլորն էլ օգտագործում են. քաղաքագետ


22:06 , 30 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է շուրջ 24 երկիր, որոնցից բոլորը, բացի Ուրուգվայից, այդ քայլով քաղաքական դիվիդենտներ են շահել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին Ռուսաստանը Պետդումայում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Հայաստանի միջոցով Թուրքիային ցավ պատճառելու նպատակով:

«Բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, օգտագործում են այս հարցը, բոլորն էլ շահարկում են՝ որպես Թուրքիային պատժելու միջոց: Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները 2002թ.-ին, երբ ուզում էր Թուրքիայի օդային տարածքի միջոցով հարվածել Իրաքին, դիմեցին Թուրքիային, բայց վերջինս մերժեց: Դրան հաջորդեց ամերիկյան իշխանությունների հայտարարությունը, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ օրը թուրքական իշխանությունները թույլ տվեցին օգտագործել իրենց օդային տարածքը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը նշեց, որ իր համար զարմանալի են հատկապես արևմտամետների կարծիքները, ովքեր հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության հարցը ՌԴ կողմից շահարկվում է:

«Մենակ Ռուսաստանը չի օգտագործում, բոլորն էլ օգտագործում են ու առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, ով հայտարարեց, որ կընդունի, բայց մի մութ անկյունում փաստաթուղթը քանի տարի է դրել է: Նույն Իսրայելը: Հիմա էլ Ռուսաստանը, ու մենք դրանից չէ, որ պետք է վատ զգանք, փոքր երկիր ենք, քարտեզի վրա չենք էլ երևում ու հայտարարում ենք, որ դրանից պիտի զայրանանք: Որ զայրանանք՝ ո՞ւմ օգուտ կտանք: Եթե հնարավոր կլինի, որ բանաձևն ընդունվի, ի՞նչ վատ կլինի»,- շեշտեց Համբարյանը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ՌԴ-ն մանրադրամի է վերածել Հայոց ցեղասպանության հարցն ու մեր միջոցով, ինչպես Ժիրինովսկին էր ասել, փորձում է ցավեցնել Թուրքիային, Գագիկ Համբարյանը չհամաձայնեց՝ նշելով. «Ժիրինովսկին ասում է որպես քաղաքական գործիչ, մենք էլ կարող ենք ավելի զուսպ լինել, օգուտներ ստանալ: Բացի օգուտից, ոչ մի վնաս չենք ստանա: Բոլորն էլ մանրադրամ են դարձրել. էդ որ տենց ասում են՝ կարո՞ղ են ասել, թե որ երկիրը մանրադրամ չդարձրեց: Ու հանկարծ անում է, դրանից վրդովվում ենք: Ծիծաղելի է, որ 2.5 միլիոնանոց Հայաստանով ուզում ենք պայքարել ՌԴ դեմ: Մենք այս ամենից պիտի օգուտներ քաղենք»: