15:54 , 30 նոյեմբեր, 2015
Այսօր մեր հանրության թերևս ամենամեծ խնդիրը պետական մտածողության բացակայությունն է: Ընդ որում, այդ բացակայությունը զգացվում է ինչպես այսպես կոչված շարքային քաղաքացիների, այնպես էլ ընդդիմության և իշխանության շրջանակներում:
Եվ, որքան էլ զարմանալի է, լայն հանրության մոտ պետական մտածողության բացակայությունը պակաս վտանգավոր չէ, քան, օրինակ, իշխանության կամ իշխանություն դառնալու հավակնություններ ունեցող ընդդիմության ներկայացուցիչների մոտ: Այնպես որ ստեղծված իրավիճակում այսպես ասած մեղավոր են բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ շարքային քաղաքացիները: Առաջինները մեղավոր են, որովհետև չեն կարողացել անկախության գրեթե 25 տարվա ընթացքում վստահություն ձևավորել պետական ինստիտուտների և իշխանության նկատմամբ, ընդդիմությունը մեղավոր է, որ ամեն անգամ էլ ավելի մեծ հիասթափություն է տարածել հասարակության մեջ, իսկ հանրությունը մեղավոր է, քանի որ ամեն անգամ վստահում է ընդդիմությանը, չի նախաձեռնում նոր ընդդիմություն, առաջնորդվում է «ունենալու», ոչ թե «լինելու» տրամաբանությամբ:
Պետական մտածողության բացակայությունը կարող է կործանարար լինել հանրության, ժողովրդավարության և լայն իմաստով պետության համար: Այնպես որ, պետական մտածողության կրողներ ունենալն օրվա հրամայական է՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեն այդ մարդիկ՝ իշխանության, ընդդիմության, թե հանրության ավելի լայն շրջանակներում: Կարևորն այն է, որ նրանք ունենան որոշումների ընդունման վրա որոշակի ազդեցություն: