09:10 , 30 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է փոխարինել Թուրքիային այնպիսի ոլորտներում, ինչպես միրգ- բանջարեղենի, հագուստի և կաշվե իրերի արտահանումը, գրում է Газета-ն։
«Եգիպտոսը հետաքրքրված է նրանում, որ ռուսական շուկան հագեցնի անհրաժեշտ մթերքներով, հատկապես նրանցով, որոնք բերվում էին Թուրքիայից»,- ասվում է նախարարի հայտարարությունում:
Նշվում է, որ այդ առաջարկը Քաբիլը քննարկել է իր ռուս գործընկեր Դենիս Մանտուրովի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպման ժամանակ:
Եգիպտական կողմը խնդրել է նաև ներկայցնել այն ապրանքների ցուցակը, որոնք կազմում են Թուրքիայից արտահանվող ապրանքների հիմնական մասը, որպեսզի մշակվեն դրանք Ռուսաստան մատակարարելու հարցերը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Խոսքը տնտեսական պատժամիջոցների փաթեթի մասին է:
Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր երկու օրվա ընթացքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը վերջին զարգացումն է ռուս-թուրքական լարվածության ֆոնին, որն արդեն իսկ ազդել է գործարար, մշակութային, ռազմական կապերի վրա։
Համապատասխան որոշումը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից: Պատժամիջոցները վերաբերում են Թուրքիայից արվող ներմուծմանը, Ռուսաստանում աշխատող թուրքական ընկերություններին և ռուսաստանյան ընկերություններում աշխատող Թուրքիայի քաղաքացիներին: Որոշումով կոչ է արվում նաև վերջ դնել երկու երկրների միջև չարտերային թռիչքներին: