18:22 , 28 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում ընթանում է «Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի շինարարությունը: «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդվարդ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համալիրի բացումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին և համալիրը նախատեսում է իրականացնել մանրաձկան արտադրություն` տարեկան 200 տոննա արտադրողականությամբ:
«Ծրագրի շրջանակներում կարտադրվի 45-50 հազար տոննա մանրաձուկ»,- ասաց նա և նշեց, որ ծրագիրը հնարավորություն կտա արտադրված մանրաձկի մեկ չորրորդը բաց թողնել Սևանա լիճ: Նա ասաց, որ դա կնպաստի ձկան պաշարների վերականգնմանը:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը՝ ապա Էդվարդ Գևորգյանն ասաց, որ ծրագրի ավարտից հետ կստեղծվի 3.5-4 հազար աշխատատեղ:
Նշենք, որ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: Ծրագրի առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, տարեկան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ:
2016 թ աշնանից նախատեսվում է սկսել ծրագրի 2-րդ փուլը, այն կներառի մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15 հազար տոննայի: