Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահների առկայությունը ՀՀ արևմտյան շրջանները դարձնում է պոտենցիալ ճակատային գիծ. Ա. Մելիքյան


10:30 , 28 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ռուսական քաղաքական էլիտայի հռետորաբանությանը, որում անընդմեջ արծարծվում է Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության փաստը, պատասխանելով հարցին, թե արդյոք դրանք չեն օգտագործվում, նշեց, որ միևնույն է Անկարայի կողմից դիտարկվելու ենք որպես առաջնային վտանգի աղբյուր, քանի որ մեր տարածքում գործող ռուսական ռազմակայանն ու հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահների առկայությունը ՀՀ արևմտյան շրջանները դարձնում են պոտենցիալ ճակատային գիծ:

- Պարո՛ն Մելիքյան, ռուս-թուրքական լարված հարաբերություններին ֆոնին հայկական հարցի արծարծումով արդյո՞ք փորձ չի արվում օգտագործել Հայկական հարցը, քանի որ այս մասին խոսում է ոչ միայն Ժիրինովսկին, այլև շատ այլ ռուսաստանցի քաղաքական գործիչներ: Ընդհուպ մինչև Մեծ Հայքի քարտեզի մասին հիշատակումներ են արվում Վլադիմիր Սոլովյովի հաղորդման շրջանակներում: Ինչպե՞ս եք սա գնահատում, և արդյո՞ք սա վտանգավոր չէ Հայաստանի համար:

-Ռուս-թուրքական հակասությունների համատեքստում հայկական գործոնի օգտագործումը չի կարող գնահատվել որպես անակնկալ մի բան՝ մենք պետք է հաշվի առնենք այն, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անգամ դիրքորոշում չարտահայտելու պարագայում պաշտոնական Անկարայի կողմից դիտարկվելու ենք որպես առաջնային վտանգի աղբյուր, քանի որ մեր տարածքում գործող ռուսական ռազմակայանն ու հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահների առկայությունը ՀՀ արևմտյան շրջանները դարձնում են պոտենցիալ ճակատային գիծ: Բայց այս ամենն առայժմ կարելի է դիտարկել քարոզչական պատերազմի տրամաբանության շրջանակներում, միաժամանակ աչքի առաջ ունենալով նաև ռուս-թուրքական դիմակայության խորացման հեռանկարը: Հայաստանի համար ամենամեծ վտանգն այն է, որ, իմ կարծիքով, մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չունի ստեղծված մարտահրավերներին համարժեք ռազմավարություն ու մարտավարություն, և կա իրավիճակին վերաբերող ստույգ տեղեկատվության պակաս:

-Արդյո՞ք Ռուսաստանը չի փորձի հակաահաբեկչական կոալիցիայի անվան տակ ՀՀ-ին ներքաշել ռազմաքաղաքական ինչ-ինչ գործողությունների մեջ` հաշվի առնելով, որ Հայաստանը պատրաստվում է միանալ ՌԴ-ի հակաօդային պաշտպանության համակարգին, ինչի մասին հայտարարվել է:

-Սա նուրբ հարց է, որի պատասխանը, ցավոք, պետք չէ ակնկալել ստանալ պաշտոնական Երևանից. իմ տպավորությամբ, Հայաստանի ներկա քաղաքական կարողունակությունը համարյա զրոյացած վիճակում է: Կլինի այնպես, ինչպես կորոշի ՌԴ ղեկավարությունը: Ես կարծում եմ, որ Կրեմլի համար էլ է շուտով լուրջ խնդիր դառնալու այն, որ ՀՀ-ն, երկկողմ հարաբերությունների զարգացման առանձնահատկությունների, տարաբնույթ նախընթաց հանգամանքների բերումով, այսօր ընդունակ է գործել բացառապես ՌԴ արբանյակի և ոչ թե լուրջ ու վստահելի գործընկերոջ, բարձրարժեք դաշնակցի կարգավիճակով։

- Ռազմական ինքնաթիռների այս պատմությունը արդյոք ռազմաքաղաքական հետևանքների վտանգներով հղի չէ, եթե հաշվի առնենք, որ թուրքական երկու ուղղաթիռներ 4 և 6 րոպեով հատել էին ՀՀ սահմանը:

-Կարևոր է հասկանալ, որ կատարվածը մի պարզ միջադեպ չէ՝ սա երկարաժամկետ և լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներով հղի մի նոր գործընթացի մեկնարկ է, որն իր ակտիվության բարձրակետին կհասնի առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Նախագահ Էրդողանը միանգամայն գիտակցաբար է գնացել ռուս-թուրքական հարաբերություններն այսպես սրելու ճանապարհով, և վստահ եմ, որ նրա համար այլընտրանք չի եղել: