Ընտանիք, ժողովուրդ, եկեղեցի. բոլորին այս Սահմանադրությամբ կործանիչ հարված է հասցվում. Ա.Մանուչարյան


22:12 , 27 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը բոլոր այն ընդհանրացումներից բացի, որ տվեց սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագծին` նկատեց նաև, որ այն «գոմիկական սահմանադրություն է»` թելադրված Համաշխարհային օլիգարխիայի կողմից: Ըստ նրա՝ եթե գործող Սահմանադրությունը մեզ տալիս է այն մեկնաբանելու ինքնիշխանություն, ապա նորը` ոչ. այն մեկնաբանվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

- Պարո՛ն Մանուչարյան, նոր Սահմանադրությունը Հայաստանին անվտանգության առումով հնարավորություննե՞ր է ընձեռում,  թե՞ մարտահրավերներ է նետում` հաշվի առնելով, որ երկրում փոխվում է կառավարման համակարգ:

- Կառավարման համակարգի փոփոխությունը մենք սովորաբար շատ սահմանափակ ենք ներկայացնում: Սահմանադրությունը մեզ թելադրված նույն այն տեղից, որտեղից 25 տարի է` մենք ստանում ենք այն համակարգերը, համաձայն որոնց, մենք ոչնչացրել ենք այն, ինչ հնարավոր է ոչնչացրել և երկիրը հասցրել արտաքին կառավարման:

Հիմա մեր այս ենթակայության հարցը մեկ կարգով ևս բարձրանում է, որովհետև կառավարման հարցում ոչ այնքան կարևոր են կառավարման համակարգերով ինչ-որ մի բան անելը,  որքան արժեքներով: Օրինակ` եթե մարդու համար արժեք եք հաստատել փողը և մարդն ամեն ինչ անում է, որ դառնա կառավարիչ և երկրի լծակները օգտագործի կողոպտելու համար, ինչպես մեզ մոտ արդեն տասնյակ տարի է, ապա այդ մարդը արդեն երկիրը կործանում է: Այսինքն` այդ մարդու ազդեցությունը երկրի համար շատ ավելի ծանր է, քան թշնամու ինքնաթիռը, որ կարող է գալ, հարված հասցնել:

Եվ այս 25 տարվա ընթացքում, ներառյալ ղարաբաղյան պատերազմը, մենք` մեր  տնտեսությունը, մարդիկ շատ ավելի քիչ հարվածներ են ստացել Ադրբեջանից, քան այդ ներքին արժեհամակարգն աղճատելուց, փողը Աստված հռչակելուց: Օրինակ` մենք ամեն օր գրեթե կարդում ենք`«թոռը սպանեց տատին», «հայրը սպանեց որդուն»: Այս բոլոր սպանությունները կատարված են արժեհամակարգ փոխելու պատճառով: Փողի համար են անում և այդ թիվը, կրկնում եմ, էապես գերազանցում է բոլոր այն կորուստները, որոնք ունեցել ենք արտաքին ճակատից: Դրա համար, երբ խոսում ենք վտանգների մասին, պետք է հասկանանք, որ մեզ թելադրվում է խորթ արժեհամակարգ, բոլոր արժեհամակարգերը, որոնք ուղղված են պահպանելու մեր ավանդական արժեքները` ընտանիք, ժողովուրդ, եկեղեցի, բոլորին այս Սահմանադրությամբ կործանիչ հարված է հասցվում: Եվ ընդամենը մի բանի համար է, որ մեզ լրիվ դարձնեն կամազուրկ, լրիվ ռոբոտացնեն և ենթարկեն արտաքին կառավարման: Այս վիճակում  անվտանգության մասին խոսելը  բացարձակ անիմաստ է:

-Բայց «այո» -ի կողմնակիցներն օրինակ՝ ասում են, որ երբ 2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանին պարտադրվում էր միանալ Մաքսային միությանը, նա մեկ անձ էր, ստիպված էր, իսկ նորով` որոշումները կկայացվեն կոլեկտիվ և կոլեկտիվի վրա ճնշում գործադրելը ավելի դժվար է, քան 1 հոգով Հայոց  պատմությունից  հայտնի` «Տիզբոն գնացածի»:

- Նրանք բոլորը միասին դա վավերացրել են: Այնպես որ, մեկն է վարակված փողի մոլուցքով, թե  131-ը՝ որևէ նշանակություն չունի: Եվ հետո նման մի բան կա. հիմնական քայլերը, որ կատարվել են այն ատյանի կողմից, որի մասին խոսում էի, եղել է էլիտաների փոխատեղություն: Ինչ է կատարվել. այն, ինչ յուրաքանչյուր երկրում «հատակ» է` գողեր, ավազակներ, մարդասպաններ, ուրիշ մոլուցքներով տառապող էակներ, նրանք հավաքվել են իշխանության համակարգում, իսկ  իրական ընտրանին` գիտնականներ, մտավորականներ՝ լուսանցք է նետվել: Եվ հիմա, այսօր այս մարդիկ, ովքեր կամ իրենք են այս կատեգորիայից, կամ այդ կատեգորիայի պահապաններն են, խմբով ասում են, որ, եթե մեզ ասված է, որ մենք պետք է գովաբանենք այդ նոր սիստեմը, հնարավորություն տալով արտաքին աշխարհին մեզ ավելի էֆեկտիվ կերպով կողոպտելու, ապա իրենք դա են գոռում` անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ են ասում: Դա ասում են այդ հատակից տեղափոխվածները և նրա հետ համակերպված` փողին ծառայող զանգվածը: Այս «այո»-ի համակարգն ամբողջությամբ դա է: Եվ դրա համար անիմաստ է նրանցից մեջբերումներ անելը: Դա նեղ իմաստով Վենետիկի հանձնաժողովն է, որ թելադրում է այդ ամենը, լայն իմաստով էլ այն շրջանակը, որին պայմանականորեն ասում ենք` համաշխարհային օլիգարխիա և նրա գործիքներ: Այդ նույն բանը կատարվել է աշխարհի բոլոր երկրներում, առաջին հերթին` Եվրոպայում, բայց էդ իմաստով մենք ավելի ծանր վիճակում ենք գտնվում, որովհետև Եվրոպայում կան երկներ, որոնք այս համաշխարհային օլիգարխիայի գործիքներ են դառնում և դրանով իսկ` ավելի պակաս են շահագործվում: Մենք ավելի ծանր վիճակում ենք. և՛ համաշխարհային օլիգարխիայի ճնշման տակ ենք, և նրանց կողմից նշանակված քրեական համակարգերի, որոնք մեզ պետք է կառավարեն:

- Ինչո՞վ է համաշխարհային օլիգարխիայի համար այս նոր փոփոխությունների տարբերակը ավելի ձեռնտու, քան գործող Սահմանադրությունը: Մեկ օրինակ:

-Կոնկրետ օրինակ` Հայաստանի Սահմանադրության հոդվածների ու կետերի մեկնաբանությունը տալիս էինք մենք ինքներս: Ասենք թե ինչ ենք գրել: Գրել ենք` տղամարդը և կինը կազմում են ընտանիք, մենք ինքներս ասում էինք, մեկնաբանում էինք, որ տղամարդը այն է, որ այսպիսին է, այս է, կինը այն է, որ այսպիսին է, նրանց միությունը դառնում է ընտանիք:  Հիմա դա մենք պետք է մեկնաբանենք իրենց որոշումներով, իսկ իրենց որոշումները տրված են Եվրադատարանի կողմից, ըստ որի` մարդն ինքն է որոշում իր սեռը. տղամարդը գալիս է, ասում է` ես կին եմ և հակառակը: Եվ այդ դեպքում արդեն պարտավոր են կքնել ամուսնություն այդ երկուսի միջև: Այսինքն` եթե գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն ասում է` ես նախագահ եմ` ելնելով այս, այս, այս կետերից, բայց քանի որ նորով` նրանք են մեկնաբանում, կարող է սրան լինել այլ մեկնաբանություն` ինքը ով է, ինչ է և որտեղ է:

-Այսինքն` մեկնաբանություններն էլ Սահմանադրության հետ «կից ձեռնարկ» են:

- Անկասկած: 81-րդ հոդվածը եթե կարդաք, այնտեղ գրված է, որ պետք է հաշվի առնվի նրանց էդ բանը… մենք, իհարկե, կգերադասեինք հաշվի առնել դատական ատյան, բայց քանի որ մեր բարձագույն ատյանը Եվրադատարանն է, մենք չենք կարող ասել, որ մենք չենք գրանցում այդ՝ իրեն կին զգացող տղամարդու և տղամարդ զգացող կնոջ ամուսնությունը, որովհետև նա դիմում է Եվրադատարան և նա ասում է` չէ, սա է հասկացվում, և այդպես է լինելու: Դուք սխալ եք մեկնաբանում: Իսկ դուք սխալ եք մեկնաբանում:

-Եկեղեցու հետ կապված ի՞նչ հիմանական վտանգ եք տեսնում համաշխարհային օլիգարխիայի կողմից:

-Մեր եկեղեցին շատ ազդեցիկ ինստիտուտ է, և արդեն մոտ 2000 տարի է, հայկական պետությունը ներկայացված է եկեղեցով: Մենք միշտ ենթարկվել ենք այս կամ այն կայսրությանը, բայց եկեղեցին միշտ եղել է բոլոր տեղերում և ինքն է ներկայացրել հայությանը: Եվ Օսմանյան կայրսույթան ժամանակ բոլոր պահանջները 500 տարի շարունակ` գույքային և այլն, իրականացվել է եկեղեցու միջոցով: Եվ հայությունը ապրել է մի Սահմանադրությամբ, որը ներկայացրել է եկեղեցին: Հիմա այս նախագծով` եկեղեցին կրոնական կազմակերպությունների շարքում է, ճիշտ է` Սահմանադրության մեջ գրել ենք, որ ամենալավը, ամենասիրունը, ամենաբոյովը, ամենակապուտաչյան Հայ առաքելական եկեղեցին է, բայց իրավական հարթությունում դա ոչ մի իրավական հետևանք չի ստացել:

Վերցնենք մեկ էլեմենտ եկեղեցու հետ կապված, Երուսաղեմի եկեղեցական սեփականությունը և եկեղեցու գործողությունները: Դա համաշխարհային քաղաքականության կիզակետերից մեկն է: Եվ փաստորեն, նոր Սահմանադրությամբ, մեր պետությունը հայտարարել է, որ ինքն այդ եկեղեցու հետ ոչ մի կապ չունի: Այս եկեղեցու հետ ով ասես, ինչ ասես կարող է անել, և հայ ժողովուրդը դրա հետ որևէ կապ չունի: Սա խայտառակության մի մասն է, իսկ երկրորդն այն է, ինչ մասին ասացի` եկեղեցին այն համակարգն է, որ պահպանել է մեր ինքնությունը: Եվ այդ դերը ամենակարևոր ստրատեգիական խնդիրն է:

Ամփոփելով` կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովը մեկ բանում անկեղծ եղավ, երբ ներկայացուցիչը ասաց, որ եթե ձեզ թվում է, որ ձեր Սահմանադրությունն արգելում է հոմոսեքսուալ ամուսնությունները, չարաչար սխալվում եք: Սա միակ անգամն էր, որ նրանք անկեղծ էին: Ուստի ես մի քանի հարցեր ունեմ Վենետիկի հանձնաժողովին: Որ իրենք ընչազուրկ դասին, որը Հայաստանում 30 տոկոս է և որին մենք մեղադրում ենք ընտրակաշառք վերցնելու մեջ, բայց ամեն դեպքում, այդ մարդիկ այն  վիճակին են հասցված, որ նրանց համար ամեն լուման կարևոր է, նրանց չեն տեղեկացրել, որ մեկ ընտրություն` նախագահականը վերացնում են: Իսկ նախագահականին ընտրակաշառքը, ինչպես գիտեք, հասնում է հարյուր դոլարի, այս մարդիկ զրկվում են մի շատ կարևոր եկամուտից: Այսինքն` Հայաստանում կտրուկ վատթարացնում են չքավորության վիճակը Հայաստանում: Այդ Վենետիկի հանձնաժողովը տեղյակ չի պահում մարդկանց, որ եթե կողմ քվեարկեք, նախագահականի համար էլ ընտրակաշառք չեք կարողանալու վերցնել:

Երկրորդ. ինչպես գիտենք` Հայաստանում կա միջին դաս, որն այն մարդիկ են, որոնք ընտրությունները կեղծում են, որոնք փողը վերցնում են ու այսքան ձայն հավաքում: Հիմա նախագահական չի լինելու ու նրանք այդ գումարը չեն կարողանալու հայթայթել: Եվ նրանց էլ պետք է ուղիղ ասեն, որ եթե կողմ քվեարկեն միջին դասը Հայաստանում կտրուկ նվազելու է:

Եվ երրորդ. արդեն ասել եմ, որ Հայաստանում էլիտաների փոխատեղության պատճառով կրիմինալն է եկել իշխանության, իսկ ցանկացած ընտրություն անցկացնողը երկրի կրիմինալն է:  Բայց նրանց տեղյակ չեն պահել, որ Սահմանադրությունը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այսպես ասենք` գոմիկական  Սահմանադրություն է: Իսկ կրիմինալի աշխարհը Խորհրդային միությունում ընդհանրական է մնացել. Չնայած երկրները` Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան բաժանվել են, բայց կրիմինալը մեկն է: Եվ կրիմինալում  այդ բանը, շատ դաժան արձագանքի է արժանանում: Այսինքն` նրանք հրահրում են պատերազմ կրիմինալ խմբավորումների մեջ և հատկապես Հայաստանի կրիմինալի նկատմամբ: Եվ այդ իսկ պատճառով նրանք գտնվում են ընդհուպ մինչև մահվան վտանգի առաջ: