13:19 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքական F16 կործանիչները ռուսական ինքնաթիռը խոցել են ի պատասխան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայից Թուրքիա ուղևորվող հարյուրավոր նավթատարների ոչնչացման։ Ողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու նավթային ընկերությունը։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին։
«Ողջ նավթը մատակարարվում էր ընկերությանը, որը պատկանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն։ Այդ պատճառով Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի ենթակառուցվածքներին և ոչնչացրեց նավթ տեղափոխող ավելի քան 500 բեռնատար: Դա ազդեց Էրդողանի նյարդերի և նրա ընկերության վրա: Նրանք ոչ միայն նավթ են արտահանում, այլև հացահատիկ և պատմական արժեքներ»,- հայտարարել է նախարարը։
Խոսելով Անկարայի վարկածի մասին, որ թուրքական օդուժը Սու-24-ը կործանել է երկրի օդային տարածքը խախտելու պատճառով՝ Ազ-Զոուբին ասել է. «Սիրիական օդային տարածքում, ինչպես հայտնել է ողջ մնացած ռուս օդաչուն, առանց նախազգուշացման ինքնաթիռի վրա հարձակման փաստը հերթական անգամ հաստատում է, որ Թուրքիան ստում է: Նրանք սկզբից ասում էին, թե 10 նախազգուշացում են ուղարկել, այնուհետև հայտնեցին, որ ինքնաթիռը Թուրքիայի տարածքում է եղել 17 վայրկյան: Անհնար է 10 նախազգուշացում ուղարկել 17 վայրկյանի ընթացքում, դա տեխնիկապես ոչ մի կերպ հնարավոր չէ»։