10:24 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սիրիայում ահաբեկիչների դեմ հաջողությամբ պայքարելն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որը կարող է ապահովել միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում, հայտնում է ria.ru-ն։
«Ասադի բանակն իրական դաշնակից է հանդիսանում»,-ասել է նա։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Պուտինի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման վերաբերյալ այն մասին, թե երկրում որ տարածքներն են գտնվում «ընդդիմության առողջ մասի», իսկ որոնք ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո։
Օլանդի խոսքով՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամակարգեն ԻՊ-ին հարվածներ հասցնելը:
«Մենք պետք է մեր հարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան ժամանել էր Մոսկվա, որտեղ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Հանդիպման մանրամասները կարող եք կարդալ այստեղ։