Թուրքիայի կառավարության նոր ծրագրում պահպանվել են Հայաստանի նկատմամբ հին մոտեցումները


03:20 , 27 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հայտարարված 64-րդ կառավարության ծրագիրը որևէ փոփոխությունն չի պարունակում Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ թուրքական կողմի մոտեցումներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նոր ծրագրում ներկայացված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն դրույթները, որոնք որդեգրել էին Թուրքիայի նախկին կառավարությունները:

Կառավարության ծրագրում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ասվում է. «Առաջիկայում շարունակվելու են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը»: Թուրքիայի իշխանությունները կրկին նշել են «արդար հիշողության փնտրտուքներում պատմությունն ուսումնասիրելու» անհրաժեշտությունը՝ հավելելով, թե միայն այդ կերպ է հնարավոր Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Նոր ծրագրում Դավութօղլուի գլխավորած կառավարությունը չի մոռացել նաև «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին: Մասնավորապես, ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիային վերջ տալու» և «հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու» համար: