16:59 , 26 նոյեմբեր, 2015
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հրահանգել է 2 օրվա ընթացքում մշակել համալիր միջոցառումներ ռուսական ռմբակոծիչը Սիրիայում խփած Թուրքիայի կողմից ագրեսիայի ակտին Ռուսաստանի պատասխանի շրջանակներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միջոցառումների մասին փաստաթղթում խոսքը Ռուսաստանի տարածքում Թուրքիայի տնտեսական կառույցների գործունեության, ապրանքների, այդ թվում՝ պարենային, մատակարարման սահմանափակումների կամ արգելքների մասին է, ինչպես նաև թուրքական ընկերությունների կողմից աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման և այլ սահմանափակող միջոցառումների մասին»,- ասել է Մեդվեդևը կառավարության նիստում:
Հնարավոր միջոցառումների թվում Մեդվեդևը նշել է տնտեսական համագործակցության ծրագրերի դադարեցումը, սահմանափակումների ներմուծումը ֆինանսական և առևտրային ոլորտներում, Ռուսաստանի տարածքում թուրքական ընկերությունների գործունեության արգելումը: Մեդվեդևը նաև առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները ներդրումներում առավելությունների վերաբերյալ և մտածել ներդրումային ծրագրերի սառեցման մասին: Պատժամիջոցները կարող են վերաբերել նաև սննդամթերքի մատակարարումներին:
ՌԴ վարչապետը նշել է, որ Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումները կլինեն անժամկետ, իսկ դրանք հանելը կախված կլինի հարաբերությունների զարգացումից և միջազգային իրավիճակից: