«Քաթարի Ավիաուղիները» կսկսեն դեպի Հայաստան չվերթները


21:10 , 25 նոյեմբեր, 2015

«Քաթարի Ավիաուղիները» կսկսեն, «Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները» կավելացնեն դեպի Հայաստան չվերթները

2016թ.-ին «Քաթարի Ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Դոհա ուղղությամբ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները «Քաթարի Ավիաուղիների» հետ: Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»-ից տեղեկացանք նաեւ, որ «Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթերը Երևանի ուղղությամբ: Այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հուլիսի 15-ից Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները ամեն օր կկատարի երկրորդ չվերթը: Քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ` «YAN AIR» ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա: