Հնարավոր է Թուրքիայի հետ պատերազմ. Պավել Ֆելգենգաուեր


18:56 , 24 նոյեմբեր, 2015

csm_115_84defa1101Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» մարտական ինքնաթիռի խոցումը և մասնավորապես այն, թե դա ինչպես կարող է ազդել Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա։

«Այս գործն առնչվում է թուրքմենների պաշտպանությանը։ Թուրքերն այդ պատճառով արդեն իսկ մեր դեսպանին կանչել են ԱԳՆ, գումարել են Անվտանգության խորհրդի նիստ, որովհետև ռուսական ավիացիան ռմբակոծում է թուրքմեններին, որոնք որպես ընդդիմության մաս, պատերազմում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ։ Թուրքիան հայտարարել է, որ դա բացարձակապես անընդունելի է, և որ նրանք պաշտպանելու են թուրքմեններին։

Դա փաստացիորեն նշանակում է, որ Թուրքիան արգելված գոտի է սահմանում Սիրիայի հյուսիսում ռուսական ավիացիայի թռիչքների համար, և պատրաստվում է պաշտպանել այդ գոտին, այսինքն՝ խոցել ռուսական ինքնաթիռները, եթե նրանք թռչեն այդ գոտում։

Ռուս զինվորականներն իրենց հերթին պետք է խոստովանեն, որ թուրքերն իրավունք ունենք կործանել մեր ինքնաթիռները, եթե նրանք մոտենան թուրքմենների վերահսկած գոտուն և ընդհանրապես ճանաչեն թուրքական սահմանի երկայնքով Սիրիայի հյուսիսում թռիչքների համար արգելված գոտին կամ էլ սկսեն պատերազմել Թուրքիայի դեմ։

Ըստ ամենայնի, կսկսեն պատերազմել։ Այսինքն, հնարավոր են հետագա օդային մարտեր, որոնցում ռուսական ինքնաթիռները կհարձակվեն թուրքական ինքնաթիռների վրա, մեր ռմբակոծիչներին պաշտպանելու համար։ Հնարավոր են նաև ծովամարտեր ռուսական ու թուրքական նավատորմների միջև։ Հնարավոր է թուրքերի կողմից Բոսֆորի նեղուցի փակումն ու այդ հակամարտությանը ՆԱՏՕ-ի մյուս երկրների միջամտությունը։ Նման հակամարտությունում Ռուսաստանը շատ քիչ հնարավորություններ ունի առանց միջուկային զենքի կիրառման»,- ասել է Ֆելգենգաուերը։