Շախմատի Հայաստանի հավաքականները ժամանեցին Երևան


03:50 , 24 նոյեմբեր, 2015

10461626_1038466672835583_4164372014019677122_n - CopyՇախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները ժամանեցին Երևան: Թիմերը մասնակցել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի 2015թ. առաջնությանը:

Վերջին՝ 9-րդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնելով Վրաստանի հավաքականին՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 13 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի ու Ֆրանսիայի հավաքականները, սակայն մեր թիմն առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշներով: Հունգարացիները բրոնզե մեդալ նվաճեցին, իսկ Ռուսաստանի հավաքականը 8 տարվա դադարից հետո դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ վաստակելով 15 միավուր:

Հայաստանի կանանց հավաքականը 10 միավորով 11-րդն էր: Այստեղ նույնպես Ռուսաստանի հավաքականն անհաանելի էր մրցակիցների համար:

Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը Իսլանդիայից անմիջապես մեկնել էին Գերմանիա, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիա: Կանանց հավաքականն ամբողջական կազմով վերադարձավ հայրենիք:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Իհարկե փոքր-ինչ անհաջող մեկնարկեցինք, բայց ընթացքում կարողացանք բարելավել խաղը: Վիճակահանությունը հաճախ մեծ դեր է ունենում: Լինում է այնպես, որ երրորդ տուրում որպես մրցակից բաժին է հասնում, օրինակ՝ Ֆրանսիայի պես թիմն ու խառնում ամբողջ խաղաքարտերը: Նման մրցաշարերում գործում է գնացքի սկզբունքը, ժամանակ է պետք հունի մեջ ընկնելու համար»:

Մասնագետն անդրադարձավ հավաքականի բոլոր խաղացողներիցն՝ առանձնացնելով հատկապես նորեկ Հրանտ Մելքումյանին: Հրանտը ճանաչվել էր լավագույնը 3-րդ խաղատախտակի վրա: Պետրոսյանը նշեց, որ այս մրցաշարից հետո կարելի է ասել, որ Հրանտ Մելքումյանը դարձավ Հայաստանի հավաքականի լիարժեք անդամ: