00:54 , 24 նոյեմբեր, 2015
Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ Նախագահ (վարչապետ) Հովհաննես Քաջազնունի, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, Զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, Ֆինանսների և համատեղության կարգով Արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան:
1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակված այս արխիվային փաստաթուղթը ներկայացնում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության անդրանիկ Կառավարություն կազմելու վերաբերյալ: Այս հրամանագիրը միանշանակ կարելի է բացառիկ երևույթ համարել մեր նորագույն պատմության ժամանակագրության մեջ, քանի որ պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո այն ազդարարեց հայկական առաջին ինքնիշխան գործադիր բարձրագույն կառույցի ստեղծումը մեր իսկ հայրենիքում: Մինչդեռ խորհրդային տարիներին այն ամենը, ինչ կապված էր Առաջին Հանրապետության կարճատև պատմության և ընհանրապես հայ ժողովրդի անկախության գաղափարի հետ, միտումնավոր նսեմացված և արժեզրկված էր ներկայացվում:
Նշենք, որ անկախության հռչակումից հետո` 1918-ի հուլիսի 19-ին, Ազգային խորհուրդը Թիֆլիսից վերջապես ժամանում է Երևան: Քաղաքական կուսակցությունների, Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվում է բարձրագույն օրենսդիր իշխանություն՝ Հայաստանի Ազգային խորհուրդ (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվում են 46 հոգի: Իսկ արդեն հուլիսի 24-ին հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության վերոնշված առաջին կազմը: