10 հրաշալի ֆիլմ սիրահարների համար


20:30 , 23 նոյեմբեր, 2015

Սիրո մասին խոսելը հեշտ չէ, առավել դժվար է սիրո մասին ֆիլմ նկարահանելը։ Գեղանկարիչների նման անհրաժեշտ է նրբորեն խառնել գույներն ու զգուշությամբ անել նրբագծերը, խաղալ լույսի հետ, համապատասխան և ներդաշնակ ուղի հարթել դեպի մարդկային զգացմունքներ։
Դե ինչ, ներկայացնում ենք 10 այդպիսի գեղեցիկ ֆիլմեր, որոնք խորհուրդ է տրվում դիտել զույգերով։

Կատարյալ զգացողություն

Perfect Sense

Այս ֆիլմը պետք է դիտել գոնե նրա համար, որպեսզի սկսես գնահատել հենց «Սեր» կոչվող զգացմունքը։ Եվա Գրինը և Ուեն Մակգրեգորը հզոր, անկեղծ ու հրաշալի կերպով ներկայացրել են այս զգացմունքի գունային ողջ գամման։ Խորհուրդ ենք տալիս դիտել այն, եթե Ձեզ ձանձրացրել են հոլիվուդյան վանիլային-վարդագույն խոստովանություններով լի գեղեցիկ հեքիաթները, որոնք շփոթությամբ սեր են անվանում, և եթե Դուք ընդունակ եք գնահատել բարդ, ուժեղ, բոլոր էմոցիաները գլխիվայր շուռ տվող կինոնկարներ։

Մի օր

One Day

Սա լուսավոր զգացմունքների իսկական հիմն է, որը լի է հին գրքերի, կանաչ խոտի և թխվածքի բույրով, քամու, ծիծաղի, ժպիտների և անկրկնելի կյանքի երգով. ահա այսպես կարելի է նկարագրել այս ֆիլմը։ Հոգուն դիպչող լուսավոր այս ֆիլմի գլխավոր դերերում են Էնն Հեթեուեյը և Ջիմ Սթարջեսը, ովքեր կատարյալ ներդաշնակ են նայվում միմյանց հետ։ Ֆիլմ կյանքի մասին. միայն թե կյանքն ավելի անշուք է։ Բայց դա արդեն այլ պատմություն է։

③  Իմ հապալասե գիշերները

My Blueberry Nights

Ռեժիսոր Վոնգ Կարվանին հաջողվել է «հապալասե» կատարյալ ֆիլմ «պատրաստել»։ Դերասանների հրաշալի խաղը, հմուտ օպերատորական աշխատանքն անիրականության թեթև էֆեկտ են ստեղծում. ասես գիշերը քնկոտ նստած ես բարում և հապալասե թխվածք ես ուտում։ Եվ, իհարկե, չենք կարող չհիշատակել Նորա Ջոնսի անկրկնելի երաժշտությունը, որը պաղպաղակի նման լրացնում է այդ թխվածքին։

Նկարված քող

The Painted Veil

Լեռներում թաքնված հանդարտ գյուղ։ Խոլերայի համաճարակ, որն անգթորեն խլում է մարդկանց կյանքերը։ Այս ամենի ֆոնին Էդվարդ Նորթոնն ու Նաոմի Ուոթսն անկրկնելի խաղացին Ուոլտերի և Քիթիի կերպարները։ Նրանց սիրո պատմությունը փոքր-ինչ տարբեր է Սոմերսեթ Մոեմի նկարագրած պատմությունից, սակայն այն իր տեսակով նույնպես կախարդական է։ Յուրաքանչյուր դետալ հուշում է այն մասին, որ իրական սերն այն սերը չէ, որը ծնվում է մարդկանց ակնթարթային կրքի կայծից, այլ այն, որն առաջանում է զույգերի՝ միմյանց ու իրենք իրենց հասկանալու ձգտման հետ մեկտեղ։

Գեղեցկություն ամերիկյան ձևով

American Beauty

«Երբեմն աշխարհում այնքան գեղեցկություն կա, ես պարզապես չեմ կարողանում տանել դա, թվում է՝ սիրտս չի կարող դիմանալ»։ Այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մարդիկ ժամանակի ընթացքում դադարում տեսնել գեղեցիկն իրենք իրենց մեջ և աշխարհում։ Իսկ այն ամենուր է. ցանկապատի մոտ պարող պոլիէթիլենային տոպրակի մեջ, աստղային երկնքում, ծիծաղող աղջնակի մեջ, ում մի օր կսիրահարվեն։ Հենց այս փոփոխվող իրականության մասին է Սեմ Մենդեսի օսկարակիր այս ֆիլմը։

Տունը լճի մոտ

The Lake House

Ֆիլմ երկու մարդկանց սիրո մասին, ում բաժանում է տարածությունը, սակայն ոչ թե կիլոմետրերի կամ քաղաքների, այլ ժամանակի։ Օրիգինալ այս պատմությունը նկարահանված է պարզ, սակայն գեղեցիկ, իսկ անկրկնելի երաժշտությունը նրբորեն հյուսվում է պատկերների հետ՝ մի ամբողջություն ստեղծելով։ Այդ իսկ պատճառով «Տունը լճի մոտ» ֆիլմը չափազանց նուրբ, զգացմունքային ու գրավիչ է ստացվել։

Կեսգիշերը Փարիզում

Midnight In Paris

Վուդի Ալենն իսկական հրաշագործ է, միայն թե չի խոստովանում դա։ Նրա այս ֆիլմը թեթև է, ինչպես Սեն գետի վրայի կամրջով քայլելը, պայծառ, ինչպես Մարիոն Քոտիյարի զգեստը և գրավիչ, եթե կարելի է այդպես խոսել ֆիլմի մասին։

Ծանոթացեք՝ Ջո Բլեք

Meet Joe Black

Էնթոնի Հոփքինս և Բրեդ Փիթ. էլ ի՞նչ է անհրաժեշտ շքեղ ֆիլմի համար։ Սակայն ֆիլմի մեջ շատ ավելին կա. տիեզերք, որտեղ միահյուսվում են բարին ու չարը, ազնվականությունն ու անարգանքը, վախն ու քաջությունը, սերն ու մահը։ Նրանք միշտ անբաժան են եղել։ Սակայն այն, թե որքան գեղեցիկ են դրանք ֆիլմում միավորվում, ստիպում է ծափահարել հոտնկայս։

Տեսարանով սենյակը

A Room With a View


Ռեժիսոր Ջեյմս Այվորիի աշխատանքն իսկական գանձ է, որը շողում է արևի տակ բոլոր երևակայելի ու աներևակայելի գույներով։ Միաժամանակ ֆիլմը լի է անգլիական առանձնահատուկ արժանապատվությամբ ու սկզբունքայնությամբ։ Դրա մեջ մի կարճ, կրքոտ համբույրը տասնյակ խենթ գիշերներ արժե։

Մայրամուտից առաջ

Before Sunset

Նրանք հանդիպեցին կրկին՝ 9 տարի անց։ Աղջիկը դեռևս միայնակ է, իսկ տղան արդեն կին ու փոքրիկ որդի ունի, սակայն տանը ոչ ոք չի ծիծաղում։ Այս ֆիլմն այն մասին է, որ նրանք կարող են միմյանց հանդիպել միայն մի քանի ժամով։ Այն մասին, թե ինչ է ճախրում նրանց շուրջ Փարիզի օդում, մինչ աղջիկը նվագում է կիթառով ու երգում։ Այն մասին, որ, նստած աղջկա բնակարանում ու նայելով նրան պարելիս ու ծիծաղելիս, նա ուշանում  է ինքնաթիռից...