Ավելի քան 700 փախստականների թույլ չեն տալիս Հունաստանից մուտք գործել Մակեդոնիա


10:40 , 23 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Աֆրիկյան և ասիական երկրներից ավելի քան 700 փախստականներ մի քանի օր է պահվում են հույն-մակեդոնական սահմանին։ Մակեդոնիայի տարածք են թողնում միայն Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ժամանածներին:

Մյուսներին երկրի իշխանությունները տալիս են «տնտեսական փախստական» կարգավիճակը և ցույց տալիս ելքը: Սահմաններին մնացած ներգաղթյալների թվում են Պակիստանի, Սուդանի, Կոնգոյի, Մարոկկոյի և Բանգլադեշի ներկայացուցիչները, փոխանցում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ Մակեդոնիան, Խորվաթիան և Սլովենիան համատեղ որոշում էին կայացրել սիրիացի, իրաքցի և աֆղանցի փախստականների մուտքը թույլ տալու մասին: Համաձայն որոշման` մյուսները կստանան մերժում։

Արդյունքում սահմանին հունական կողմից կուտակվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր ստիպված են ձմեռային պայմաններում մնալ բաց երկնքի տակ: Նրանց օգնող կամավորները նշում են, որ ներգաղթյալներին չի բավականացնում մթերքը, տաք հագուստը։