00:43 , 21 նոյեմբեր, 2015
Նոյեմբերի 20-ին «Էօն» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» ամենամսյա «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» հերթական միջոցառումը: Հանդիպման պատվավոր հյուրն այս անգամ Blognews.am կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Անտինյանն էր:
Բլոգնյուզ կայքը հիմնադրման օրից ի վեր հայկական մեդիա դաշտում առաջատար դիրք է զբաղեցնում: Այն իր ձևաչափով աննախադեպ էր, որին իհարկե հաջորդեցին նմանատիպ այլ կայքեր, սակայն մինչ օրս Բլոգնյուզն անխախտ է պահում առաջատարի իր համբավը: Հանդիպման ընթացքում Արամը խոսեց կայքի ստեղծման գաղափարի, պատմության, այն պայքարի և անքուն գիշերների մասին, որոնք ընկած են իր հաջողության հիմքում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արամը ոլորտում շատ փորձառու է և կարողացավ ներկաների հետ կիսվել այնպիսի խորհուրդներով, որոնք, անշուշտ, շատ օգտակար նշանակություն են ունենալու երիտասարդների համար իրենց հետագա կենսագործունեության ընթացքում:
«Նախևառաջ Դուք պետք է ունենաք լավ գաղափար: Պետք է միշտ փնտրել ու սպասել գաղափարին: Հնարավոր է 1 տարի սպասեք, 2 տարի, 10 տարի, մինչև որ գաղափարը կգա: Լսեք շրջապատի կարծիքը, քննադատությունները: Մի մտածեք, որ Դուք միշտ ճիշտ եք: Իսկ երբ հասնեք հաջողության, միշտ մնացեք իրականությունում, ներկայում, այսօրում: Ես բավական երկար ժամանակ է՝ ունեմ մեքենա, բայց շատ հաճախ դասի, աշխատանքի եմ գնում մետրոյով, երթուղայինով, որպեսզի չկտրվեմ իրականությունից, մնամ իրականության մեջ, մնամ այնպիսին, ինչպիսին ես կամ»,- նշեց Արամը:

Երիտասարդներից շատերը շնորհակալություն հայտնեցին Արամին կայքի ստեղծման համար, քանի որ նախևառաջ այն հարթակ է, որը հնարավորություն է տալիս արտահայտել կարծիք, բարձրացնել հանրությանը հուզող խնդիրները, որոնք սովորաբար լուծում են գտնում հենց կայքի շնորհիվ: Այնուհետև երիտասարդներն իրենց հետաքրքրող հարցերը տվեցին Արամին, որոնց Արամը տվեց բովանդակալից և սպառիչ պատասխան:
«Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախագահ Մուշեղ Ավետիսյանը ողջունեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը բիզնես հանդիպումներին, որոնք անչափ ուսուցանող են և տալիս են գործնական այնպիսի գիտելիքներ, որոնք, թերևս, չեն սովորեցնում ոչ մի դպրոցում, քոլեջում կամ համալսարանում: «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» և «Ուսանողը՝ ապագա բիզնեսմեն» խորագրերով հանդիպումներն ուսանողների և երիտասարդների հետ տալիս են այն գիտելիքները, այն մոտիվացիան, որն էլ անպայմանորեն ուժեղ ազդակ է հանդիսանալու, որպեսզի ձևավորվի բիզնես մտածողություն, ինքնազարգանալու, կատարելագործվելու և երազանքները կյանքի կոչելու անկոտրում կամք և ինքնավստահություն:

Բլոգնյուզ կայքի հիմնադիր Արամ Անտինյանը անդրադարձավ նաև իր մյուս նախագծի՝ «Avenue 37» սրճարանի մասին, որի բացումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին: Սրճարանի ամբողջ շահույթն ուղղվելու է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանին, որտեղ օրական սնունդ են ստանալու հարյուրավոր անապահով մարդիկ: Այս գաղափարը նույնպես արժանացավ հանդիպման մասնակիցների համակրանքին և ծափահարություններին:
Հանդիպումն ավարտվեց տոնական մթնոլորտում: Նոյեմբերի 20-ին լրացավ «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» ծրագրերի համակարգող Սեդա Մաթևոսյանի ծննդյան 23-ամյակը, ինչի կապակցությամբ բոլոր ներկաները ջերմ ծափահարությամբ շնորհավորական բարեմաղթանքներ հղեցին Սեդային:
