19:15 , 20 նոյեմբեր, 2015Երեկ կայացավ «Որոգայթ» ֆիլմի պրեմիերան։ Առաջին ցուցադրությունից հետո BlogNews-ը հայտնիներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն ֆիլմի մասին։ Ներկաների կարծիքները տարբեր էին, սակայն բոլորը նշում էին, որ ընդհանուր առմամբ հավանել են ֆիլմը։
Աննա Հարությունյան
Ես հասկացա, որ շատ հետաքրքիր դերասաններ ունենք։ Նախորդ օրը դիտում էի «Սպեկտոր» ֆիլմը և կարող եմ ասել, որ որոշ դերասաններ, համենայն դեպս, իրենց դիմախաղով կարող էին խաղալ այնտեղ, օրինակ՝ Արթուր Դարբինյանը։ Շատ տպավորված եմ նաև Հարություն Մովսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Գրիշա Աղախանյանի, Գարիկ Չեպչյանի խաղով։
Մենք ունենք դերասանական հարուստ գունապնակ, սակայն սցենարական առումով ունենք կաղումներ։ Ռեժիսորական ու օպերատորական հրաշալի լուծումներ կային, սակայն վերջաբանի ակորդը սցենարական առումով շատ թույլ էր։ Կուզեի՝ Ռուդոլֆի հատվածն ավելի իմաստավոր վերջանար։ Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ, ստացված էր։ Շնորհավորում եմ անձնակազմին, մեծ աշխատանք էր կատարվել։ Հատկապես՝ հաշվի առնելով բյուջեի հայաստանյան պայմանները։
.jpg)
Անաիս Սարդարյան
Ես մինչև հիմա փշաքաղված եմ Սոս Ջանիբեկյանի խաղից։ Նրա՝ հարսանիքի ժամանակ խաղացած հատվածը շատ ազդեցիկ էր, երբ մարդիկ տեսնեն ֆիլմը, կհասկանան՝ ինչի մասին էր խոսքը։ Ֆիլմը շատ լավն էր, հրաշալի աշխատանք էր տարվել։

Արմեն Ամիրյան
Հաճելիորեն զարմացած եմ ֆիլմի մատուցման ձևերից, ռեժիսորական և օպերատորական լուծումներից, հատկապես օպերատորական լուծումները փայլուն էին։ Շատ հաճելի էր վերականգնված 80-ականների ժամանակաշրջանը, շատ նուրբ էր արված 80-ականների և այսօրվա համադրությունը։ Բոլոր կերպարները հետաքրքիր էին, ֆիլմը գեղեցիկ էր, կարծում եմ՝ հաջողություն կունենա։
Գուցե լինեն մեկնաբանություններ, որ արյունը, քրեական աշխարհը շատ էր, բայց կար մեր իրականության մի քիչ խտացված տեսակը։ Արվեստը հենց դա է, երբ մեր իրականությունը ներկայացվում է խտացված գույներով։ Ֆիլմն արժանի է սերիալից առանձին կյանքն ունենալ։
Արփի Գաբրիելյան
Ինձ շատ դուր եկավ ֆիլմը։ Իմ առաջին փորձն էր այսպիսի կերպար խաղալ, երբ շեշտը չէր դրվել իմ արտաքինի վրա։ Շնորհակալ եմ Ռոմանին այս դերն ինձ վստահելու համար։ Ինձ համար ավելի հաճելի էր լինել այս կերպարում, որովհետև սա ինձ ավելի մոտ է՝ որպես Արփի։ Ընդհանուր ֆիլմը թե՛ սցենարական, թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական լուծումների առումով արված էր բավականին լավ մակարդակով, և ճիշտ գտնված էր մեսիջը, որը պետք է հասցնել մարդկանց։
Ստեփան Ղամբարյան
Առաջին անգամ էի դիտում ֆիլմը։ Իսկապես ցնցված եմ։ Ուզում եմ շնորհավորել առաջին հերթին ռեժիսոր Ռոման Մուշեղյանին, օպերատոր Սուրեն Թադևոսյանին և Աննա Թադևոսյանին, որ ամեն ինչ արեցին ֆիլմի կայացման համար։ Ֆիլմն իսկապես ստացված է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այս ժանրը։
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Այս ֆիլմը պետք է դիտել որպես նոստալգիա։ Ժամանակին, երբ Հայաստանում սկսվեց սերիալների արտադրությունը, «Որոգայթն» առաջին սերիալներից էր, որը ժողովուրդը էնտուզիազմով դիտում էր։ Պրոֆեսիոնալ անձնակազմ էր աշխատել, ստացված նախագիծ է։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի