Ադրբեջանի դիվանագետներին արտասահմանում նայում են ինչպես բիզնեսմենների


04:23 , 20 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Վերջին մի քանի ամիսներին արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների 5 աշխատակիցներ համակարգից հեռացվել են ծառայության երկրներում գործունեության շրջանակում կաշառք տալուց հրաժարվելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Նիդեռլանդներում Ադրբեջանի նախկին զինվորական կցորդ Նահիդ Ջաֆարովը:

Նա պատմել է Արեւմուտք իր փախչելու պատճառների մասին:

Նահիդ Ջաֆարովի խոսքով` Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովին պաշտոնից հեռացրել են ոչ Facebook-ում նրա գրառման համար, այլ այն պատճառով, որ 2013 թվականին Ադրբեջանի ԱԳՆ կոլեգիայում նա ադրբեջանցի դիվանագետներին մեղադրել է իրենց աշխատած երկրների ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:

Խոսելով նրանց ճակատագրի մասին, որոնք Facebook-ում հավանության են արժանացրել Արիֆ Մամեդովի ելույթը, Նահիդ Ջաֆարովը հայտարարել է, որ այդ մարդկանցից միայն երեքն են մնացել իրենց պաշտոններին, որոնց ստիպել են «խիստ ամոթալի փաստաթուղթ ստորագրել», իսկ նման փաստաթուղթ չստորագրածները հեռացվել են համակարգից: Նրա խոսքով, իր նման դիվանագետներ Ադրբեջանի ԱԳՆ-ում շատ կան:

Նահիդ Ջաֆարովը հայտնել է, որ ադրբեջանցի դիվանագետների համար ամենամեծ խնդիրը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներն են:

«Շատ դժվար է բացատրել արեւմտյան դիվանագետներին Ադրբեջանում մարդու իրավունքների հերթական խախտումները: Չէ՞ որ ինքդ էլ ես հասկանում, որ դա իսկապես մարդու իրավունքի խախտում է: Եւ այդ ամենը մեր դիվանագետների աշխատանքը 10 անգամ դժվարացնում է», -ասել է նա:

Այն հարցին, թե ինչպե՞ս են արտասահմանում ճանաչում Ադրբեջանի դիվանագետներին եւ պաշտոնյաներին, Նահիդ Ջաֆարովը հայտնել է, որ Եվրոպայում ադրբեջանցի դիվանագետներին եւ պաշտոնյաներին նայում են ինչպես բիզնեսմենների:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ է լինելու այս գործերի վերջը, Նահիդ Ջաֆարովն ասել է, որ իշխանության համար լավ չի լինելու:

«Նրանք գիտեն, որ կառավարությանը եւ ժողովրդին տանում են անդունդ», -ասել է նա:

Բաքվի Բինագադիի շրջանում այս տարվա մայիսի 19-ին պլաստիկ թիթեղներով երեսպատված բնակելի շենքի հրդեհվելու հետ կապված, որի հետեւանքով 15 հոգի մահացել, հարյուրավոր մարդիկ էլ տարբեր վնասվածքներ էին ստացել, Արիֆ Մամեդովը Facebook-ի իր էջում իշխանություններին քննադատող գրառում էր կատարել: Դրանից հետո նա պաշտոնաթող էր արվել եւ ապաստան խնդրել Բելգիայում: Հաշվիչ պալատն անմիջապես ստուգումներ է անցկացրել Եվրոպայի Խորհրդում ադրբեջանական ներկայացուցչությունում նրա ղեկավարության շրջանում: Գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարո ւցել: Արիֆ Մամեդովը բոլոր այդ մեղադրանքները ժխտել է` հայտարարելով, որ քրեական գործն իր դեմ բացվել է իր արտահայտած քաղաքական կարծիքի պատճառով: Նահիդ Ջաֆարովը ժամանակին աշխատել է Արիֆ Մամեդովի հետ:

2015 թվականի սեպտեմբերի 12-ին Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան զինվորական կցորդ Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ ապաստան է խնդրել իր ծառայության երկրում:

Արտասահմանյան երկրներում ապաստան են խնդրել նաեւ ժամանակին Արիֆ Մամեդովի հետ աշխատած եւս երեք ադրբեջանցի դիվանագետներ` Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից Սեյմուր Իսմայիոլվը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովը, դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: