Ինչո՞ւ է փեսան խնձորը նետում հարսի ուղղությամբ


13:20 , 19 նոյեմբեր, 2015

Ինչո՞ւ է փեսան խնձորը նետում հարսի ուղղությամբAravot.am-ը գրում է.

Եզդիական հարսանիքի առանձնահատկությունները Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից են, որոնց մասին աշխարհը շատ քիչ բան գիտի: Նրանց վեցհազարամյա պատմությունը սկիզբ է առնում Միջագետքից: Եզդիական արարողությունների մեջ հատկապես աչքի է ընկնում եզդիական ավանդական հարսանիքը: Հարսանիքներն ինչպես հայերի, այնպես էլ եզդիների մոտ ավելի հաճախ աշնան են լինում: Եզդիական հարսանիքների մասին խոսելիս, մարդիկ միանգամից առանձնացնում են հարսի գլխին խնձորով խփելը: Իրականում փեսան հարսի գլխին չի խփում, պարզապես նետում է նրա ուղղությամբ, որպեսզի սիրեցյալին ցույց տա հանրության միջից:

Հնում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ սիրեցյալի տունը, նա այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, եւ տղայի ծնողները հենց այդ տնից էին հարս բերում: Եզդիական հարսանիքներում քավորը նույնպես պատվավոր տեղ է զբաղեցնում եւ լինում են դեպքեր, երբ հայ-եզդիական եղբայրությունը բարեկամության վերածելու համար, դառնում են մեկը մյուսի քավորը: Այստեղ պսակադրություն չի կատարվում, այլ եզդի ազգի հոգեւոր դասի ներկայացուցիչը (Shexe dara mraza) օրհնում է նորապսակների ճկույթ ճկույթի տված ծնողներին՝ երեխաների միության համար: Հարսանիքի ժամանակ կարելի է նկատել մի տղայի, որը մրգերով ու քաղցրավենիքով զարդարված ծառ է պարեցնում, նա, այսպես կոչված, ազաբախպերն (չամուսնացած երիտասարդ փեսայի ընկերներից կամ բարեկամներից) է:

Ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, հարսանիքի նախորդ օրը երիտասարդ տղաները գողանում են որեւէ այգուց: Պարտադիր պայման է՝ ծառը չպետք է կտրված լինի որեւէ գործիքով: Երեկոյան չամուսնացած եզդի երիտասարդներն այն զարդարում են մրգերով, ընդեղենով ու քաղցրավենիքներով: Ծառի կենտրոնում մի գունավոր կտոր է կապվում, որի մեջ հյուրերը իրենց նվիրատվությունն են թողնում՝ ծառը պարեցնելու ժամանակ, եւ այդ նվիրատվություններն ի վերջո բաժին է ընկնում ազաբախպորը:

Զարդարված ծառը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի «բերքը» եւ առատությունը: Հարսանեկան արարողության օրը հարսանիքի հյուրերը գնում են հարսին բերելու, իսկ հարսի ծնողները նորաստեղծ ընտանիքին նվիրում են համարյա ամեն անհրաժեշտ պարագաները, որը եզդիների մոտ ընդունված է օժիտ անվանել: Այդ ամենի հետ միասին նորապսակներին նվիրում են նաեւ գեղեցիկ ասեղնագործած բարձ, որը խորհրդանիշն է նրանց անբաժան եւ համատեղ կյանքի ու մի բարձի ծերանալու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ