10:25 , 19 նոյեմբեր, 2015
Նորվեգիայի և Չինաստանի իշխանությունները հաստատել են ԴԱԻՇ-ի գրոհայինների տեղեկությունը, որոնք հայտնել են 2 օտարերկրացի գերիների մահապատժի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտնել է, որ երկրի քաղաքացի Օլե Յոհան Գրիմսգորդ Օֆստադան, ըստ ամենայնի, իսկապես սպանվել է:
«Մենք դատապարտում ենք սպանությունը»,- նշել է Սոլբերգը և հավելել, որ իշխանությունները ցանկացած լրացուցիչ տեղեկություն են փնտրում:
Չինաստանի ԱԳՆ-ը ևս հաստատել է ահաբեկիչների ձեռքով իր քաղաքացի Ֆան Ցզինհուեյի սպանության մասին տվյալները:
«Մենք ցավակցում ենք սպանվածի ընտանիքին, Չինաստանի կառավարությունը վճռականորեն դատապարտում է այդ անմարդկային ակտը և բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկի»,- ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Հուն Լեյը:
Նա նշել է, որ Չինաստանի դիվանագետները ողջ ուժով փորձել են փրկել գերուն:
Իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, վճռականորեն դատապարտելով գերիների սպանությունը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հավելել է, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:
ԴԱԻՇ-ի գրոհայինները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել իրենց ձեռքում գտնվող նորվեգացի և չինացի գերիներին: Հաղորդվում էր, որ գրոհայինների կողմից թողարկվող ամսագրում հրապարակված են սպանված գերիների մարմինների լուսանկարները: