19:00 , 18 նոյեմբեր, 2015Երգիչ Ջոնի Կարապետյանը շուտով իր երկրպագուների համար նոր տեսահոլովակ կներկայացնի: Մոտ մեկ տարի ստեղծագործական դադարից հետո նա պատրաստվում է կրկին վերադառնալ. «Իմ դադարը հիմնականում կապված էր տեղափոխման հետ, և հիմա զրոյից սկսելը, կարծում եմ, այնքան էլ ուշ չէ,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ջոնին, ում նոր երգն ավելի ժամանցային, դիսկո ոճում է,- երգի հեղինակը ես եմ, տեսահոլովակի սյուժեն էլ շատ հումորային է»:

Ջոնիի տեսահոլովակի գլխավոր հերոսը Դելոն է, իսկ Դավիթ Սեխպեյանը, Անգել Մարտիրոսյանը և Նարինե Պողոսյանը հանդես են եկել որպես երաժիշտներ։ «Դավիթ Սեխպեյանն ԱՄՆ-ում հրաշալի ներկայացում էր բեմադրել, որն իր շուրջ հավաքել էր նշված դերասաններին, ներկայացումը դիտելուց հետո միտք առաջացավ նրանց ընդգրկել տեսահոլովակում»,-նշեց Ջոնին:

Տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում։ Ջոնին խոստովանում է, որ տեսահոլովակ նկարահանելն այնտեղ բավականին թանկ է. «Այստեղ յուրաքանչյուր տարածքում նկարահանում իրականացնելու համար պետք է ունենաս թույլտվություն և համապատասխան ապահովագրություն: Չեմ կարող նշել, թե որքան արժեցավ տեսահոլովակը, քանի որ ադմինիստրատորները դեռ վերջնահաշվարկ չեն արել»:

Ջոնիից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ներկայումս ավելի բարեկեցիկ և լավ կյանքով է ապրում, ինչին նա պատասխանեց. «Ես Երևանում էլ եմ բարեկեցիկ կյանքով ապրել, պարզապես ես մենակ ինձ համար չեմ ապրում: Ինձ համար դժվար է ապրել բարեկեցիկ կյանքով մի վայրում, որտեղ շուրջդ շատ մարդիկ հացի խնդիր ունեն: Հավատացեք, Հայաստան վերադառնալու մասին ամեն օր մտածում է Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ, հուսով եմ, որ ես էլ մի օր կգամ»:


Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի