16:40 , 18 նոյեմբեր, 2015Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողության միջազգային և երիտասարդության համաշխարհային օրը: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այդ տոնական օրը մեկտեղվել է բարի և նպատակաուղղված գործով:
Ակադեմիայում կազմակերպվել էր բարեգործական համերգ, որի նպատակն էր տոմսերից ստացված հասույթը տրամադրել փոքրիկ Լուիզային, ով տառապում է լյարդի ցեռոզով: Փոքրիկը համապատասխան օգնությունը պետք է ստանա Գերմանիայում:
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան հենց ակադեմիայի ուսանողները: Ներկաներին ցուցադրվեց Լուիզայի մասին պատմող տեսանյութը և կոչ արվեց օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը: Համերգի կազմակերպիչները փոքրիկին ցանկացան շուտափույթ ապաքինում և ուժ՝ հաղթահարելու այս կյանքի փորձությունը:
«Նման նախաձեռնությունները կունենան իրենց շարունակությունը»,- հավատացրին ակադեմիայի ուսանողները:
Միջոցառման արդյունքում հավաքված ողջ հասույթը կփոխանցվի փոքրիկ Լուիզայի ծնողներին:



