11:20 , 18 նոյեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Նոյեմբերի 12-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը նպատակ ուներ պայմանագրային ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Վահեի մտերիմներից մեկը:
Նրա խոսքով՝ Վահեն դպրոցն ավարտելուց հետո անցել է ծառայության:
«Էդպիսի մարդ չկար, որ Վահեին չսիրեր, շատ լավ մարդ էր, լավ ընկեր, չափից ավելի նվիրված էր ընկերներին, ամեն ինչ կաներ նրանց համար, դպրոցում աշխույժ աշակերտ էր, ֆուտբոլի սիրահար էր, շատ նպատակներ ուներ, բայց…»,-պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Վահեն հպարտ էր, որ հենց Արցախում է ծառայում:
Հիշեցնենք, որ Վահեն Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը: Վահեն պետք է զորացրվեր մեկ ամսից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմել էր որ Վահեի հայրը մեկ ամիս առաջ էր վերադարձել արտագնա աշխատանքից և սպասում էր որդու վերադարձին:
Գյուղապետի խոսքով՝ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել և 10-օրյա արձակուրդ տվել, սակայն Վահեն չէր եկել, քանի որ մեկ ամսից պետք է զորացրվեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը զոհված զինծառայկողներին հետմահու պարգևատրել էր «Մարտական ծառայություն» մեդալով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: