08:15 , 18 նոյեմբեր, 2015
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում առաջիկա մի քանի շաբաթներում հրադադար կհաստատվի՝ հաղորդում է The New York Times-ը: Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմի անցնելու ժամկետները կախված են այն բանից, թե ընդդիմությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ որքան շուտ կնստի բանակցությունների սեղանի շուրջ:
Նա կարծում է, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն նաև Ռուսաստանն ու Իրանը:
«Տվյալ պահին մեզ պետք է միայն կազմակերպել Սիրիայում քաղաքական գործընթացի սկիզբը: Հրադադարի հաստատումը հսկայական քայլ է այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ կրակի դադարեցումն ուժի մեջ կմտնի առաջիկա երեք-չորս-հինգ շաբաթվա ընթացքում:
Քերին նշել է, որ Սիրիայում որքան շուտ տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, այնքան շուտ կնվազի բռնության մակարդակը: