Գործարար տատին խեղդամահ արած թոռը դատապարտվեց 21 տարի ազատազրկման


01:47 , 18 նոյեմբեր, 2015

FotorCreated-11Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Ալբերտ Մոմջյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Ալբերտը մեղադրվում է իր տատին՝ 68-ամյա գործարար, «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանին դիտավորյալ, արդեն իսկ տատիկի տանից կատարած գողությունը թաքցնելու նպատակով սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ ոչ մի տեղ չաշխատող, բուքմեյքերական գրասենյակներում պարտքեր կուտակած Ալբերտը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 15-ը շարունակաբար գաղտնի հափշտակել է տատիկին պատկանող, 2 միլիոն 963 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե զարդեր:

Այնուհետև, իր կատարած գողությունը թաքցնելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Ալբերտը տատիկի տանը՝ Երևանի Կողբացի փողոցի շենքերից մեկի բնակարանում, վտանգավոր բռնություն է գործադրել տատի նկատմամբ՝ սեղմել է նրա պարանոցի օրգանները, ձեռքերով հարվածներ է հասցրել նրան ու սպանել է:

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Ալբերտ Մոմջյանը տատի դիակը նրա իսկ «Տոյոտա Պրադո» մեքենայով տեղափոխել է Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք ու այրել է:

Ինքը՝ ամբաստանյալ Ալբերտ Մոմջանը չէր ընդունում առաջադրված մեղադրանքները, պնդում էր, թե տատիկին սպանել է անզգուշությամբ:

Դատախազն իր ճառում միջնորդել էր Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված գնահատեց առաջադրված մեղադրանքները և դիտավորյալ սպանության առավել ծանր՝  օրենքով նաև ցմահ ազատազրկում նախատեսող մասով մեղավոր ճանաչելով 24-ամյա Ալբերտ Մոմջյանին՝ վերջին հաշվով դատապարտեց 21 տարի ազատազրկման: