Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ Երևանում կայանալիք սառցե շոուն հետաձգվել է


17:59 , 17 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է կայանար սառցե շոու՝ գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը։

Համերգի կազմակերպիչ «Շոուսթար» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը մեզ տեղեկացրեց, որ, հաշվի առնելով նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, «Շոուսթար պրոդաքշընը», «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են հետաձգել «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը:

«Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ: Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների: Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում ըմբռնումով մոտենալ: Միաժամանակ,  «Շոուսթար պրոդաքշընը» տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերն ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար»,- նշեց Սոնա Թանանյանը։