Պուտինն արդեն անուղղակի, բայց անթաքույց սպառնում է բոլոր նրանց, ովքեր աջակցում են իսլամիստական ահաբեկչությանը


13:53 , 17 նոյեմբեր, 2015

Եվ այսպես, այսօր վերջնականապես հաստատվեց, որ Եգիպտոսի երկնքում կատարվել է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում կործանվել է ռուսական «Կագալիմավիա» ընկերության Ա321 օդանավը։

Զարմանալի չէ, որ դրան անմիջապես հաջորդեց Ռուսաստանի ռեակցիան. պաշտոնից հեռացվել է ՊՆ տեղակալը, ով ի թիվս այլ բաների՝ պատասխանատու է օդային փոխադրումների անվտանգության ապահովման համար, ինչպես նաև Պուտինն է կարճ ելույթ ունեցել, որտեղ մի շատ կարևոր մեսիջ է հղում աշխարհին։

Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, որ օգտվելը ՄԱԿ-ի կանոնադրությունից Ռուսաստանը համարում է սա՝ որպես իր նկատմամբ իրականացրած ագրեսիա, և ամրագրում է ինքնապաշտպանության իր իրավունքը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրելու ոչ միայն ահաբեկչության համար անմիջական պատասխանատվություն կրող կազմակերպիչների ու իրացնողների հայտնաբերումն ու ոչնչացումը։ Պուտինը բաց տեքստով նաև ակնարկեց, որ նրանց օգնողների բանն էլ է բուրդ լինելու (ուղտ գզող մի քանի սաուդիտ ու կատարցի հիմա հաստատ անհանգիստ կլինի)։

Հիշեցնեմ, որ G20-ի գագաթնաժողովին էլ Պուտինը բաց տեքստով հայտարարել էր, որ ԻՊ-ին աջակցում են տասնյակ պետություններ՝ այդ թվում նաև G20-ի անդամ պետություններ։ Այս երկու հայտարարությունները համակցելով՝ ստանում ենք հերթական աննախադեպ քայլի ամբողջական պատկերը, որին գնում է Ռուսաստանը 1991 թվականից ի վեր. ուժի կիրառման սպառնալիք (ըստ ՄԱԿ-ի կանոնադրության) այլ երկրների նկատմամբ, ընդ որում, ոչ թե Մոզամբիկի կամ էլ Վրաստանի կարգի երկրների մասին է խոսքը, այլ միանգամայն լուրջ տարածաշրջանային միավորների։