Փարիզի ահաբեկչությունը պետք է դիտարկել եվրոպական քաղաքակրթության քանդման շղթայում. Հ. Մեսրոբյան


13:16 , 17 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը, հայտարարեց, որ այն պետք է դիտարկել եվրոպական քաղաքակրթության քանդման շղթայում:

Ըստ նրա՝ Եվրոպան քայքայվում է և ցանկացած քայքայման ժամանակ հնարավորություն է տրվում այլ ուժերի՝ փոխել աշխարհաքաղաքական վերադասավորումները:

«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը մի շղթա է, շղթայի մեկ օղակ, որը հաջորդեց Լիբանանի իրադարձություններին, ռուսական ինքնաթիռի կործանմանը՝ Սինայում, Չինաստանի, Հնդկաստանի դեպքերին: Խնդիրն այն չէ, որ դա եղել է հենց Փարիզում, աշխարհը մտել է տուրբուլենտ մի իրավիճակ, որտեղ գնում է մոլորակի ձևավորում, շահերի վերաբաշխում: Որպես այդպիսին սա կլասիկ պատերազմ չէ, բայց չի նշանակում, որ պատերազմ չկա»,- ասաց Հարությունյան Մեսրոբյանը՝ նշելով, որ Եվրոպայի դժբախտությունն այն է, որ իրենք չունեն ընդգծված առաջնորդ:

Փորձագետի խոսքով՝ առաջիկայում ևս լինելու են նման դեպքեր, որովհետև վերադասավորումները շարունակվելու են: Ըստ նրա՝ աշխարհը ձևավորվում է, ուստի գլոբալ ցնցումների հնարավորությունը մեծանում է:

«Եվրոպայում մեծ կալիբրի առաջնորդ չկա, ուստի բնական է, որ այդ ֆոնի վրա քանդվում են եվրոպական այդ արհեստածին արժեքները: Եվրոպան մնալ-չմնալու խնդիր ունի՝ որպես քաղաքակրթական, տնտեսական քաղաքական միավորում: Եթե այս դեպքերը չկանխվեն, իսկ ես ինչքան հասկացա, ինքնապաշտպանության բնազդը Եվրոպայում այլևս չի աշխատում, Եվրոպան կհայտնվի մահացու վտանգի առաջ»,- նշեց նա:

Հարություն Մեսրոբյանն ասաց, թե Հայաստանն էլ վտանգի առաջ է, որովհետև սահմանակից է Թուրքիային, որն ակտիվ ներգրավված է Սիրիայի, Իրաք բախումների մեջ, բավական կողմնակալ է, և ՆԱՏՕ-ի անդամ:  

«Հայաստանում կան ոչ ադեկվատ խմբեր, որոնք օրինակ` ուրախությունից թռչում էին, երբ սկսվեց արաբական գարունը, գտնում են, որ սուտի-մուտի լոզունգների տակ պետք է իրենք էլ քարոզեն: Այդ հատվածը տարրական մտածելակերպի ունակ չէ»,- ասաց նա:

Հարություն Մեսրոբյանն անդրադարձավ նաև ֆեյսբուքյան «ֆլեշ-մոբին», երբ օգտատերերն ի նշան հարգանքի փոխում էին իրենց անձնական էջերի գլխավոր լուսանկարները Ֆրանսիայի դրոշով: Կառավարման փորձագետն ասաց, թե «սելֆիներ» անելու փոխարեն լավ կլիներ, այդ մարդիկ հասկանային իրավիճակը: Նա Ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարները Ֆրանսիայի դրոշով փոխելու որոշ մարդկանց բացատրությունները որակեց որպես «ծիծաղելի», «հիմարություն»:

«Բացատրում են, թե Ֆրանսիան մարդկության քաղաքակրթության կենտրոնն էր, բա ո՞նց, բա չինացիք մարդ չեն, հնդկացիները մարդ չե՞ն: Սա ֆաշիզմ է: Ճոխացնում են Ֆրանսիայի մեզ ընկեր լինելը, մոռանում են, որ 1921-ին ստորագրվեց ֆրանսիաթուրքական պայմանագիրը, որով Կիլիկիան հանձնվեց Թուրքիային: Պարզ լեզվով ասած՝ ծախեցին»,– ասաց նա:

Փորձագետը նաև նշեց, թե իր համար անհասկանալի է, ինչո՞ւ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցի ժամանակ աշխարհը ֆեյսբուքում նկարները չփոխեց, իսկ 200 մարդկանց սպանության ժամանակ՝ փոխեցին. «Եթե վերաբերվում ես թավաքյալի, բումերանգ է աշխարհը, կգնա իրենց կողմը: Ուզում են ճռճռան բաներ խոսան, ուզում են՝ չխոսան»: