10:30 , 17 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության և արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Եթե ոստիկաններն ու քննիչները ճիշտ և օպերատիվ չգործեին, Հայաստանից դուրս մեկնող սահմանային անցակետերը չփակեին, չհայտարարեին ուժեղացված ծառայություն, ապա չէր բացառվում, որ 3 հոգու սպանությունը շարունակություն ունենար՝ ավարտվեր վենդետայով»: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սեփոյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև՝ որտեղ է նետել հանցագործության գործիք ավտոմատը, որը քիչ առաջ ոստիկանները հայտնաբերեցին: Քննիչի որոշմամբ Հ. Սեփոյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 16-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ էին արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների` կար 3 զոհ:
Նշված վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել էին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանի և 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում էին գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեկնել էր հիվանդանոց` մի քանի քննիչների և ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների հետ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների հետևանքով վնասված Nissan-ից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին արյան հետքեր, հրազենից արձակված կրակած պարկուճներ: Չէր բացառվում, որ կրակոցները եղել են հենց այդ վայրում և Nissan-ի վիրավոր վարորդը` երկու վիրավորների հետ, մեքենայով փորձել էին հասնել հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին մահացածների ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: