Կեղծ հերոսների «Հաղթական երթը» ավարտվում է սեփական կենսագրության ինքնաոչնչացմամբ


16:18 , 14 դեկտեմբեր, 2012

Մեր պատմության մեջ երբեմն նկատվող սև բծերի պատճառներից մեկն էլ մեր կիսատ ու անավարտ, հաճախ նաև կեղծ հերոսների առատությունն է եղել, որ չենք կարողացել գոնե մեկ անգամ իր ուրախ մանկությունն անցկացնել ցանկացող սերնդին դաստիարակել ավարտված, իրական հերոսի կենսագրությամբ:
Եվ եթե հանգամանքների բերումով ներելի է ամբողջական, իրական հերոսի բացակայության փաստը, ապա որեւէ քննադատության չի դիմանում կեղծ հերոսների գոյությունը, ինչպես նաև հակահերոսի կերպարի բացակայությունը: 
Ինչ խոսք, կեղծ հերոսների «Հաղթական երթը» անխուսափելիորեն ավարտվում է սեփական կենսագրության ինքնաոչնչացմամբ, և այստեղ հասարակությունը կորցնելու ոչինչ չունի, հակառակը՝ որքան շուտ ասպարեզից հեռանան նրանք, այնքան շուտ հասրակությունը կգտնի իր առողջացման արահետը...
Այդուհանդերձ, իրական հերոսի բացակայության ֆոնին հակահերոսի կերպարը հնարավորություն կտար խուսափել ինքնախաբեության այս երթից: Ու եթե չենք կարողանում փնտրել ու գտնել մեր ժամանակի հերոսին` արժանապատիվ ՀՀ քաղաքացուն, ով կդառնա մեր փոքրիկ հայրենիքի բարեկեցիկ զարգացման դրոշակակիրը, գոնե այնքան գիտակցություն ունենանք` հակահերոսի միջոցով կասեցնենք մեր երթի խոտոր ուղին...