«Այո և ոչ». Կողմ եմ, որ կառավարման համակարգը փոխվի. Պեմզաշեն համայնքի բնակիչ


18:54 , 16 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության մասնակիցները Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում են:

Համայնքի բնակիչներից մեկը դիմելով «Այո»-ի կողմնակից Մարգարիտ Եսայանին, ասաց. «Կողմ եմ, որ կառավարման համակարգը փոխվի, խնդիրն այն է, որ մի հինգ տարի էլ չասեն, թե այդ համակարգը կայացման փուլում է»:

«Հինգ տարի չէ, բայց երկու տարի կարող է ասեն»,-ասաց Մարգարիտ Եսայանը, ապա բացատրեց, որ խորհրդարանական ընտրությունները 2017 թվականին են և ներկայիս խորհրդարանը մինչև 2017 թվականն իր լիազորությունները պետք է կատարի:

«Ոչ»-ի կողմնակից Գուրգեն Եղիազարյանն էլ դիմելով պեմզաշենցիներին, ասաց, թե երբ իրենց ասեն «ոչ», այնպես չէ, որ սառնարանները կլցվեն, բայց երբ ասեն «այո», կնշանակի, որ իրենք «այո» են ասում գործող կարգերին:

«Իսկ դուք պետք է գործող կարգերին ասեք «ոչ», պետք է ասեք՝ այսպես ապրել հնարավոր չէ: Ասեք, որ մենք ոչ մի բան չունենք ձեր դեմ, փոխեք ձեր վերաբերմունքը դեպի ժողովուրդը, երբ այդ վերաբերմունքը փոխվի, գնացեք, ինչքան ուզում եք «այո» ասեք»,-հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը: