15:00 , 16 նոյեմբեր, 2015«Սիրո խոստովանություն». այսպես էր կոչվում Երևանի Կամերային թատրոնի նոր ներկայացումը, որը նոյեմբերի 14-ին ներկայացրեցին հանդիսատեսի դատին: Ներկայացմանն իրենց մասնակցությունն ունեն դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Անի Լուպեն, Վահե Զիրոյանը և Հասմիկ Դանիելյանը, իսկ սցենարն Արա Երնջակյանին է: Blognews.am-ը ներկա էր ներկայացման պրեմիերային, որին ներկա էին նաև հայտնի շատ հյուրեր՝ Քրիստինե Պեպելյանը մայրիկի հետ, դիզայներ Դիանա Շատվերյանն ամուսնու հետ, Թաթա Սիմոնյանը, դիզայներ Լիլիթ Մարգարյանն՝ ամուսնու Գրիգոր Նազարյանի հետ:
«Ներկայացումը մեր քաղաքի և մեր մասին է, մեր ապրումների մասին: Ինձ համար հայտնություն է այս ներկայացումը, շատերը հուզվում են, թեպետ ներկայացման ընթացքում տխուր բաների մասին չենք խոսում, այն ավելի շատ ուրախ ներկայացում է: Գիտե՞ք՝ հրաշալի է, որ շատ ենք սիրում Երևանը, և ամեն անգամ այս ներկայացումը նայելով՝ մարդիկ բավականին շատ հիշելու առիթներ կունենան: Դա նաև մի քիչ դերասաններից էլ է գալիս, ովքեր շատ նվիրված են խաղում: Ես շատ ուրախ եմ, որ դերասանական կազմն էլ բավականին ոգևորված է»,-նշում է պարոն Երնջակյանը:
Առաջին անգամ նայելով գլխավոր փորձը՝ պարոն Երնջակյանը մի քանի շտկումներ է արել. «Ես ներկայացումից առաջ փոքրիկ շտկումներ եմ արել, և հուսով եմ՝ դերասանները չեն խառնվի իրար: Կան հատվածներ, որոնք ժամանակի ընթացքում հանվել են, բայց նյութն այնքան շատ է, որ այս ներկայացումը կարող է որոշ փոփոխությունների ենթարկվել»:
Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ այս ներկայացման մեջ բոլորն էլ գլխավոր դերում են. «Ես խաղում եմ ինքս ինձ, իսկ գլխավոր հերոսը մեր քաղաքն է, իրոք, ինչպես ասել է պարոն Երնջակյանը՝ կան շատ հուզիչ տեսարաններ: Ներկայացումը երևանյան հիշողությունների, ներկայի, ապագայի մասին է, այն մասին, թե ինչպիսին մեր մեծերը կցանկանային տեսնել մեր քաղաքը: Փակ դիտմանը ներկա էր Ամերիկայից ժամանած իմ ընկերներից մեկը, ով ներկայացումից հետո ասաց, որ այլևս չի ուզում գնալ ԱՄՆ, սա լավ միջոց է, որ յուրաքանչյուրը, ով գա, այս ներկայացումը նայի, արտագաղթի մասին այլևս չմտածի»:
Ռաֆայելի համար Երևանը սկսվում է Բանգլադեշից, նրա համար Երևանը միայն կենտրոնը չէ։ «Ասեմ, որ շատ հնարավորություններ ունեմ Երևանից բացակայելու, որովհետև տարվա կտրվածքով լինում եմ ԱՄՆ-ում, Ռուսաստանում թե՛ թատրոնի հյուրախաղերով, թե՛ առանձին: Ունեմ բոլոր երկրների վիզաները տաս տարով, բայց ես չեմ կարող գնալ այստեղից, այստեղ իմ գործն է, իմ ընկերներն են, իմ մայրն է թաղված, իմ հայրական տունն է: Ես այստեղ ինձ Ռաֆայել Երանոսյան եմ զգում, իսկ ուրիշ տեղ ես մի կլինեմ պարզապես բոյով տղա: Իսկ քանի որ ես ծնվել եմ այս հողի վրա, ես պետք է արարեմ այստեղ»,-եզրափակեց Ռաֆայելը:
«Յուրաքանչյուր նոր ներկայացում մեր թատրոնում կարծես նոր լույս է տալիս և այնպիսի խանդավառությամբ է ընդունվում... Հավատացեք, բավականին ջանք և եռանդ ենք դնում ամեն ներկայացման մեջ։ Այս ներկայացման մասնիկներից մեկն էլ ես եմ: Բոլորի մեջ այնքան սեր և դրական լիցքեր կան, որ այդ ամենը գնում է բեմ և պարտադիր փոխանցվում հանդիսատեսին»,-նշում է Արշալույս Հարությունյանը և ավելացնում, որ ինքը և պարոն Երնջակյանը կիսվում են ավելի շատ համոզմունքներով. «Երնջակյանի հետ վիճելն անգամ դժվար է, նրա յուրաքանչյուր ներկայացման մեջ այնքան հակասություններ կան, նրա կերպարներն էլ այնքան տարբեր են, բայց մեր մեջ շատ հաճելի ստեղծագործական բախումներ են լինում»:
Վերջում ավելացնենք, որ հյուրերը դահլիճից դուրս եկան բավականին տպավորված, իսկ ծափերը պարզապես չէին դադարում:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի