18:39 , 15 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման «Հյուսիս» ուղղության մասնակիցները շարունակում են իրենց քարոզչությունն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
«Ոչ»-ի կողմնակից, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները փորձում են լավ բան անել ժողովրդի համար, ապա դրանք պետք է արվեն առանց կեղծիքների:
«Այս փոփոխությունների առաջարկման մոտիվացիան հետևյալն է՝ 2018 թվականին լրանում է Սերժ Սարգսյանի իշխանության երկրորդ ժամկետը և նա սահմանադրությամբ երրորդ անգամ չի կարող որպես թեկնածու առաջադրվել: Քանի որ իշխանությունը շատ քաղցր բան է, Սերժ Սարգսյանն ու իր թիմը որոշել են խելացի հնարք կատարել, ստեղծել սահմանադրության նոր փաթեթ և առաջարկել մեզ, մենք էլ հավանություն տանք, որպեսզի իրենց թիմը շարունակի իշխել»,- հայտարարեց «ոչ»-ի կողմնակից, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
Արձագանքելով Արմեն Մկրտչյանին, «այո»-ի կողմնակից՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանն ասաց, թե սահմանադրական փոփոխությունների նախագիծը բացարձակապես կապ չունի իշխանափոխության հետ:
«Այստեղ տեսնում եմ, որ բոլորդ էլ մտավորական մարդիկ եք, մի հատ գցեք-բռնեք, որ եթե դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխություններին ասեք «ոչ», իշխանությունն ի՞նչ է տուժելու դրանից: Անհասկանալի է այն ուժերի կեցվածքը, ովքեր նախկինում իրենց կուսակցական ծրագրերում ունեին խորհրդարանական կառավարման կետը, սակայն այսօր սահմանադրական փոփոխություններին ասում են «ոչ»»,-ասաց Արթուր Եղիազարյանը: