Կա տնտեսական աճ, և չպետք է ՀՀ բոլոր տնտեսական զարգացումները պայմանավորել միայն ԵՏՄ-ով. փոխվարչապետ


19:51 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Իրականում տնտեսական աճ կա, և չպետք է միայն Եվրասիական տնտեսական միությամբ Հայաստանի բոլոր տնտեսական զարգացումները պայմանավորել: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների նվազմանը՝ նա նշեց, որ անդամ բոլոր երկրներում կա որոշակի անկում, սակայն դա չի վերաբերում ընդհանուր հեռանկարներին:

«Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ ծավալները կավելանան»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին մանրամասն վերլուծություններ կներկայացնեն այն մասին, թե ԵՏՄ տնտեսական հետևանքներն ինչպիսին էին և ինչպիսին կարող էին լինել:

«Կոնկրետ 2015 թվականին որոշակի զարգացումներ կան, որոնք պայմանավորված են համաշխարհային շուկայում կառուցվածքային փոփոխություններով՝ էներգակիրների գների հետ կապված, տարածաշրջանային զարգացումներով, լարվածություններով, և դրանք բնականաբար 2015 թվականին ունեցել են իրենց ազդեցությունը»,-ասաց Վաչե Գաբրիելյանը:

Ըստ նրա, սակայն, դա չի նշանակում, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում անընդհատ նույն գործոնները պահպանվելու են, և որոշակի տնտեսական աճի հեռանկարներ չկան։

Լրագրողի հարցին, թե կարելի՞ է ասել, որ կարճատև հեռանկարում իշխանությունները սխալվել են իրենց կանխատեսումներում, փոխվարչապետը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ իշխանությունները չէին ասում, թե դրանից հետո միանգամից ամեն ինչ լինելու է:

«Կարող ենք ասել, որ տնտեսական աճ կա և դա իրական է»,-ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նա ասաց, թե պետք է չէ անընդհատ մեկ տարվա տնտեսական զարգացումները կապել տնտեսական միավորման երկարաժամկետ հեռանկարի հետ. «Կարծում եմ, որ վաղաժամ է նման եզրակացություններ անել, և ԵՏՄ-ն ունի զարգացման ներուժ, այդ ներուժն ի հայտ կգա: Սակայն 2015 թվականի ընթացքում գրանցված զարգացումներն այն պատմական օրինաչափությունները չեն, որոնցով մենք կկարողանանք ընդհանուր դատողություններ անել երկարաժամկետ պատմական հեռանկարի վերաբերյալ»: