15:18 , 13 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում նախագծի հյուսիսային ուղղությունը գտնվում է Արագածոտնի մարզի Կարբի համայնքում: Կարբեցիներն ակտիվ երկխոսության մեջ մտան հատկապես «այո» ճակատի հետ:
Գյուղացիներից մեկը նշեց, որ ամբողջ գյուղը վարկերի տակ է, պարտքերին էլ թիվ ու սահման չկա, ի՞նչ է լինելու ժողովրդի վերջը: Նա հարցրեց, թե արդյոք ժողովրդի կյանքը բարելավվելու է սահմանադրական փոփոխություններից հետո:
«Այո»-ի կողմնակից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, համաձայնելով ասվածի հետ, նշեց, որ ներկայումս Կենտրոնական բանկը սկսել է բանկերի խոշորացման ծրագիր և պետք է վերանայի բանկերի կողմից առաջարկվող տոկոսադրույքները:
«Իհարկե բանկերին էլ չենք կարող ճնշել, որովհետև նրանք էլ պետք է կարողանան հանել իրենց տված գումարները: Դրա համար պետությունը իսկապես այստեղ շատ անելիք ունի, ես համաձայն եմ քեզ հետ»,- ասաց նա:
Մեկ այլ կարբեցի էլ հետաքրքրվեց, թե որքան գումար է պետությունը ծախսում այս հանրաքվեի կազմակերպման համար, և չսպասելով անգամ պատասխանի ասաց. «Իհարկե միլիոններ, ինչի՞ համար, տվեք քյասիբներին, միլիարդների ծախս ինչի համար եք անում, ինչի՞ համար եք եկել: Ժողովրդին քամեցիք, չի կարելի էլի: Տեր կանգնեք ժողովրդին, կամ եթե չեք կարում, հեռացե՛ք»:
Միքայել Մելքումյանն էլ պատասխանեց, թե այսօր երբ կառավարությունը տարվա սկզբին խոստանում է ապահովել 5% տնտեսական աճ, սակայն տարվա վերջում չի կարողանում ապահովել, շարունակում է աշխատել, իսկ նոր սահմանադրությամբ, վատ աշխատող կառավարությունը հեռանալու է:
«Հիմա դա վատ է, եթե նա չաշխատեց, պետք է հեռանա: Սա հենց ձեր ասած իշխանափոխությունն է»,- վստահեցրեց պատգամավորը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանն էլ նշեց, որ ոչ-ը դատարկություն է, իսկ այո-ն ինչ-որ բան փոխելու հնարավորություն:
Նշենք, որ գյուղացիները բարձրացրին համայնքի ջրի, կորցրած ավանդների, և բազմաթիվ սոցիալական հարցեր: