12:20 , 13 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսին կալանքից ազատելու ադրբեջանական դատարանի որոշման առնչությամբ, տեղեկացնում է contact.az-ը։
«ԱՄՆ-ն Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաև այլ բանտարկյալների հետ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն», -ասված է Քերիի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը երեկվա նիստում կալանքից ազատել է երկրի ամենահայտնի քաղբանտարկյալներից Արիֆ Յունուսին։ Նրա խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։
Օգոստոսի 13-ին նա և իր կինը՝ Լեյլա Յունուսը, դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։