10:52 , 13 նոյեմբեր, 2015
Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի նոր զեկույցում ասվում է, որ 2015 թվականին կանխատեսվում է Ադրբեջանից նավթի արտահանման ծավալների նվազեցում: Այն կնվազի համաշխարհային շուկայում, հատկապես ադրբեջանական «Ազերի Լայթ» տեսակի նավթի նկատմամբ աճող մրցակցության պատճառով:
oxu.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ կազմակերպությունը կարծում է, որ 2015 թվականին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալն անցյալ տարվա համեմատ կնվազի օրական 10 հազար բարելով:
«Կրճատում է սպասվում: Չնայած նրան, որ ընթացիկ տարվա 9 ամսում Ադրբեջանի գլխավոր հանքահորերից, «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի»-ից արդյունահանվող նավթի ծավալը 4 տոկոսով աճել է, Ադրբեջանից նավթի արտահանման ծավալի կրճատում է սպասվում»,- ասվում է ՕՊԵԿ-ի նոր զեկույցում:
Ըստ ՕՊԵԿ-ի` ադրբեջանական նավթի վաճառքի ծավալները կրճատվելու են՝ կապված Մերձավոր Արևելքից կատարվող այլընտրանքային մեծ առաջարկի և եվրոպական նավթավերամշակման գործարաններում նավթի պաշարների մեծ կուտակումների հետ:
Bloomberg-ն էլ իր հերթին հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադարձից հետո սև ոսկու գինը կտրուկ կնվազի: Համաշխարհային բանկի փորձագետները կանխատեսում են, որ նման դեպքում նավթի մեկ բարելի գինը կընկնի ևս 10 դոլարով: