22:59 , 12 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի մահվան տարելիցն է:
2014 թ. նոյեմբերի 12-ին զոհվեցին ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը անձնակազմի անդամներ՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը, որոնք թաղվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում`սգո միտինգի ուղեկցությամբ:
Նախքան այդ, 6 օր շարունակ հայկական զինուժը չէր կարողանում հետ ստանալ և հողին հանձնել ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները, քանի որ ադրբեջանական զինուժը անընդհատ կրակում էր ուղղաթիռի շուրջ, ինչը հաջողվեց անել հայկական զինուժի հատուկ գործողության արդյունքում` ադրբեջանական կողմին մեծ կորուստներ պատճառելով:
Զինվորական կարգով հուղարկավորության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր`«Շարունակելու ենք զոհված օդաչուների կիսատ թողած գործը»:
«…Մեր վերաբերմունքի շնորհիվ, ժամանակի ընթացքում հետագայում մեզ բոլորիս հպարտություն է բերելու նրանց անցած ճանապարհը, ինչպես այստեղ գտնվելով մենք հպարտություն ենք ապրում նրանց թափած արյամբ, որովհետև եթե նրանց գործունեությունը չլիներ, չէինք կարող ապահովել բանակի զարգացումը և ժողովրդի խաղաղ արարումը»,- ասել էր նախարարը:
Tert.am-ի հետ զրույցում Razminfo.am կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հետադարձ հայացք նետելով մեկ տարի առաջվա դեպքերին` արձանագրեց, որ ուղղաթիռի խոցումը ողջ 2015 թ. ընթացքում հայ-ադրբեջանական էսկալացիայի հերթական օղակն էր, որը ադրբեջանական կողմի համար իրականում ծանր հետևանքներ ունեցավ:
«Արդյունքն եղավ այն, որ ադրբեջանցիները շատ ուժեղ հարված ստացան, անհամաչափ պատասխան, որ խոստացվել էր, որը, ըստ իս, ազդեց իրենց թե՛ մարտավարության, թե՛ ռազմավարության վրա»,- արձանագրեց Կարեն Վրթանեսյանը` նշելով, որ հիմա «ադրբեջանցիների համար եկել է վերքերը լիզելու ժամանակը»:
Հայկական ուղղաթիռի խոցման միջազգային հետևանքների մասին Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ոչ միայն ուղղաթիռի դեպքով, այլ ադրբեջանական զինուժի կողմից «Ադրբեջանի գործողությունները հասցվեցին միջազգային հանրությանը` հայկական կողմի ներկայացմամբ»:
Այսինքն` արդյունքում ստացվեց, որ ադրբեջանական կողմի` զինադադարի ռեժիմի խախտումների, դիվերսիաների ու տարաբնույթ այլ սադրիչ գործողությունների վերաբերյալ հայկական կողմի ներկայացումը շատ ավելի համոզիչ ու հասկանալի եղավ:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ դեպքի առաջին իսկ օրվանից միջնորդների աչքում հայկական կողմը բարոյական հարթության մեջ հաղթում էր ու ավելացրեց. «Ես անուն չեմ նշի, բայց փոխանցում եմ ոչ ցածրաստիճան դիվանագետի խոսքեր, որ այս միջադեպի հետ կապված միջազգային հանրության համակրանքը Հայաստանի կողմն էր»:
Սրա պատճառը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, այն էր, որ բոլորի համար անընդունելի էր Ադրբեջանի` միջազգային հումանիտար իրավունքին հակասող վերաբերմունքը:
Բայց միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, որքան էլ միջնորդների համար հասկանալի էր Հայաստանի դիրքորոշումը և մերժելի` Ադրբեջանի կեցվածքը, այնուամենայնիվ, Հայաստանին չհաջողվեց այդ միջադեպը միջազգային կառույցներում փաստաթղթավորվելու առարկա դարձնել: