Առաջին անգամ հեռուստատեսությունը հնարավորություն է ունենում դառնալ տեղեկատվական ինտերակտիվ միջոց. Գ. Ամալյան


19:24 , 12 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Եթերային հեռարձակման թվային համակարգի մեխն այն է, որ առաջին անգամ հեռուստատեսությունը հնարավորություն է ունենում դառնալ տեղեկատվական ինտերակտիվ միջոց, ինչը նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէր կազմակերպել անալոգային համակարգի պայմաններում:

«Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անալոգայինից թվային համակարգին անցումն իր տեխնիկական մասով ավարտվել է այս տարվա հունիսին:

Գրիգոր Ամալյանը քննարկման ընթացքում թվարկեց նաև թվային հեռարձակման երեք շահեկան կողմերը՝ հեռուստաազդանշանի, պատկերի և ձայնի նոր որակական հարթություն:

«Մեր մոտեցումն էր՝ ստեղծել աշխատանքների մեկնարկի օրվան համապատասխան տեխնիկական ամենաառաջատար ձևաչափի համակարգ՝ առավել թողունակությամբ և տեխնիկական ճկունությամբ»,-ասաց Գրիգոր Ամալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի 1-ից տեղափոխվել է 2016թ հունվարի 1-ը: