Լեհաստանի քաղաքացին փորձել է ՀՀ տեղափոխել $ 4 մլն-ի 13 կգ կոկաին և ձերբակալվել. ԱԱԾ


18:16 , 12 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր  խմբավորումների փորձերի դեմ:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոն։

2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել  առանձնապես խոշոր չափի թմրանյութ:

Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման  զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ  մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն. ԱՄՆ դոլարը:

Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է  քրեական գործ ՀՀ Քրեական  օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի /մաքսանենգություն/ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով/ հատկանիշներով: 

Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: