17:12 , 12 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Կրեմլի հեռուստաալիքը «պատահմամբ» ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է ռուսական նոր զենքի տեխնիկական բնութագիրը՝ ստորջրյա, միջուկային, սարսափազդու: Թե՞ դա պարզապես Մոսկվայի ռազմական հզորության շուրջ աղմուկ բարձրացնելու համար արված հնարք է, գրում է Դևիդ Աքսը The Daily Beast-ի էջերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Առաջին ալիքը ցուցադրել է «Ստատուս - 6» գաղտնի զենքի կոնցեպտի պատկերներ, նշել ստեղծման ավարտի ժամկետները։ Կրեմլից հայտնել էին, որ զենքի կադրերը հեռուստատեսային ռեպորտաժներում են հայտնվել «չթույլատրված եղանակով» և խոստացել էին քայլեր ձեռնարկել։
«Թվում է, թե ռուս բարձրաստիճան ռազմական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «մոլորված» տեսախցիկը կադր է արձանագրել, որում երևում է, հնարավոր է, Կրեմլի հավանական պլանը՝ վախեցնող նոր զենքի՝ ռադիացիա սփռող «կեղտոտ ռումբի» վերաբերյալ»,- գրում է հոդվածագիրը։
«Խնդիրն այն է, որ մենք ոչ մի կերպ չենք կարող հստակ իմանալ՝ գոյություն ունի՞ արդյոք իրականում նման զենք, թե՞ դա պարզապես մեդիասադրանք է, որը ստիպում է մտածել, որ ռուս նախագահի զինանոցում նոր, վտանգավոր խաղալիք է հայտնվել։ Եթե դա ճիշտ է, ապա Ռուսաստանն առաջին երկիրն է, որի մասին հայտնի է, թե նա ուր որ է ձեռք կբերի զենք, որն այնքան ավերիչ չէ, որքան ատոմային ռումբը, սակայն կարող է մահացու ռադիացիա տարածել մեծ տարածքում՝ դարձնելով այն օգտագործվելու համար ոչ պիտանի: Եթե դա կեղծիք է, ապա կլինի նոր համալրում Կրեմլի՝ լրատվամիջոցներին մոլորեցնելու ցանկում»,-հավելում է նա։
Հեղինակը պարզաբանում է, որ «կեղտոտ ռումբը» բաղկացած է պայթուցիկ նյութերից՝ ռադիոակտիվ հիմքի վրա։ Դրա բեկորները երկար ժամանակով շրջանը կյանքի համար ոչ պիտանի են դարձնում: Աքսը նաև ցուցադրված հեռուստատեսային տեքստից մեջբերում է անում. «Նոր համակարգը կոչված է խոցելու հակառակորդի տնտեսական կարևոր օբյեկտները և երաշխավորում է հակառակորդի տարածքի վնասը՝ ռադիոակտիվ վարակման ճանապարհով»։
«Այդ ամենը շատ վախեցնող է հնչում և շատ նման է նոր Սառը պատերազմի։ Սակայն ինչո՞ւմն է միտքը։ Նախ. այդ կադրերում չկա «չափազանց գաղտնի» կամ «Կոնֆիդենցիալ» գրառումը, ինչն ակնկալվում էր ՌԴ պաշտպանության նախարարության փաստաթղթերի վրա, որոնցում խոսվում է նոր միջուկային ռեսուրսի մասին: Երկրորդ. միշտ կա հավանականություն, որ այդ «պատահական» արտահոսքն իրականում բոլորովին էլ պատահական չէ»,-նշում է հեղինակը:
«Խորհրդային հետախուզությունը, որում նախկինում ծառայել է Պուտինը, հրաշալի տիրապետում էր արվեստին, որը կոչվում է «ապատեղեկատվություն» և նախատեսում է կեղծիքի տարածում՝ Արևմուտքից միավորներ կորզելու համար։ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մասին նաև արևմտյան թերթերում տարածվող ապատեղեկատվությունն իր մեջ ներառում էր նաև Մոսկվայի մասին հետախուզական թաքնված ու կեղծ տեղեկություններ, որոնք օգնում էին մանիպուլյացիայի ենթարկել Արևմուտքի ռեակցիան»,- ասված է հոդվածում:
«Շատ հավանական է, որ «Առաջին ալիքի» խմբագիրները պատահմամբ հեռուստադիտողին հնարավորություն են տվել կարդալ ռուսական նոր զենքի տեխնիկական բնութագիրը, սակայն պակաս հավանական չէ, որ Կրեմլը ցանկացել է ցուցադրել հենց այն, ինչ ցուցադրվել է՝ չիրականացված բանի նախագիծը»,-գրում է հեղինակը։