16:00 , 12 նոյեմբեր, 2015
PanARMENIAN.Net-ը գրում է.
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ «պետք է ջախջախի կազմակերպված հանցավոր խմբերին, որոնք զբաղվում են ներգաղթյալների ապօրինի փոխադրումներով և փող են աշխատում մարդկանց դժբախտությունից օգտվելով»: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը լրագրողներին ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթնաժողովում, որն անցնում է Վալետայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցի, մինչև 2016-ի ավարտը ԵՄ-ում փախստականների թվաքանակը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ տարեսկզբից Եվրոպա է ժամանել 700.000 մարդ: «Մենք պետք է նախապատրաստվենք նրան, որ մինչ գալիք տարվա փետրվարը ամեն օր մոտ 5 հազար մարդ է ժամանելու: Վերջին ամիսներին, ինչպես տեսնում ենք, եղանակային պայմանների վատթարացման հետ մեկտեղ ավելացել են ողբերգական դեպքերը: եթե մենք չսկսենք գործել անհապաղ, զոհերի քանակը կաճի»,-հայտարարել է ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը:
«Այստեղ կառուցողական երկխոսություն է ծավալվել աֆրիկյան և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև: Եվ Միացյալ Թագավորությունը, և ԵՄ-ն անում են ամեն հնարավորը, այդ հանցավոր խմբերին հզոր հարված հասնցելու համար: Այս ոլորտում մենք շահագրգռված ենք սերտորեն համագործակցել Աֆրիկայի երկրների հետ»,-ասել է նա:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը վախենում է Եվրամիության փլուզումից և սահմանային վերահսկողության վերականգնումից Եվրոպայի երկրների միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Ըստ նրա, սպառնալիք կա նաև Շենգենի գոտու համար, որին անդամակցում է 26 երկիր: «Հնարավոր է, մենք ընդամենը մի քանի ամսվա ժամանակ ունենք»,-հավելել է նա:
Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: