15:44 , 12 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի մասին բանակցությունները կսկսվեն շուտով՝ դեկտեմբերի սկզբին: Պատասխանելով Tert.am-ի հարցերին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը` նշելով, որ այդ մասին քննարկումներ են եղել վերջերս Երևանում գտնվող ԵՄ պատվիրակության և Արտաքին գործերի նախարարության միջև:
«Եթե հիշում եք, Երևան էր ժամանել ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պատվիրակությունը և այդ առիթով եղան քննարկումներ: Մտքեր են փոխանակվել ժամկետների շուրջ, ենթադրում ենք դեկտեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները, երկու կողմից էլ կա պատրաստակամություն այն իրականացնել մինչև տարեվերջ, հուսամ որ շուտով կունենանք ավելին, քան այս պահին»,- ասաց նա:
Կարեն Նազարյանն անդրադառնալով փաստաթղթի բովանդակային մասին, ասաց, որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից:
«Մենք դրա մասին շատ ենք խոսել, նաև վերջերս ԱԺ-ում եվրոպական ինտեգրման և ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում առիթ ունեցանք մանրամասն անդրադարձ կատարել այդ խնդրին: Խոսքը վերաբերում է դեռևս 2014թ-ից սկսած մտքերի փոխանակման գործընթացին, որի նպատակն էր ուրվագծել այն շրջանակը, որը պետք է լինի բանակցության առարկա: Կարող եմ ասել, որ քննարկումները հաջող էին, բովանդակային էին, և այդ քննարկումների արդյունքներն է, որ մեզ լավատեսությամբ է տրամադրում ապագա բանակցությունների ընթացքի առումով: Հուսամ, որ դրանք կլինեն արդյունավետ, խորը բովանդակային և մեծապես կարտահայտեն բանակցությունների արդյունքը: Բանակցությունների արդյունքը կարտացոլի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունը և էությունը»,- ասաց նա:
Հարցին, թե Ասոցացման համաձայնագրից ինչ էական կետերով է տարբերվելու նոր փաստաթուղթը, փոխնախարարը պատասխանեց, որ բնականաբար փոփոխության ենթարկվելու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն վերաբերող դրույթները, իսկ տնտեսական մասից դուրս հնարավորինս պահպանվելու են նախկին փաստաթղթի ձեռքբերումները:
«Բնականաբար տնտեսական բաժինը կենթարկվի էական փոփոխությունների և այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են Էկոնոմիկայի նախարարությունում և ԵՄ համապատասխան գործընկերների միջև»,- ասաց նա: