«Այո և ոչ» իրապատման նպատակն է վերադարձնել հանրությանը քաղաքական գաղափարների պայքարի դաշտ. Կ. Քոչարյան


13:06 , 12 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

«Արմնյուզ» հեռուստաընկերությունն «Ա1+» հեռուստաընկերության հետ համատեղ արձագանքել են Կարեն Քոչարյանի մտահաղացմանը և որոշել իրականություն դարձնել սահմանադրական փոփոխություններին թեմայով «Այո և ոչ» խորագրով իրապատումը և մեկնել Հայաստանի մարզեր:

«Այսօրվանից խմբերը մեկնելու են մարզեր, սկսում ենք մի նոր հեռուստանախագիծ, որը քսան օր շարունակ առանց ընդհատումների կլինի ուղիղ եթերում: Հեռուստանախագիծը կոչվում է «Այո և ոչ»: Այն լինելու է երկու ուղղությամբ՝ հյուսիս և հարավ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր ուղղությամբ մեկնելու է ութական մասնակից, որոնցից չորսն «այո»-ի կողմնակիցներ են, չորսը՝ «ոչ»-ի:

Ուղիղ եթերը հեռարձակվելու է «Ա1+» հեռուստաընկերությամբ և «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ:

Իրապատման մտահաղացման հեղինակ Կարեն Քոչարյանն ասաց, որ փորձում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական բանավեճեր կազմակերպել:

«Մասնակիցներն ամենահարավային կետից՝ Ագարակից կգան Սյունիք, կմտնեն Վայոց Ձոր, ապա Արարատ, Արմավիր և կմտնեն Կոտայք: Հյուսիսային ուղղությունը կսկսեն Ապարանից, կլինեն Արտաշատում, Թալինում, հետո Շիրակի մարզ՝ Գյումրի, Ամասիա, Լոռի, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, ապա կլինեն Գեղարքունիքում և կավարտեն այդ ուղղությունը»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Դեկտեմբերի 2-ին երկու խմբերը կվերադառնան Երևան: Մեկ օր հանգստանալուց հետո, քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, կլինի միացյալ դեբատ:

Ինչ վերաբերում է իրապատման մասնակիցներին, Կարեն Քոչարյանն ասաց, որ դիմել է բոլոր ուժերին, մի հատվածն իրենք են արձագանքել, մի հատվածին ինքն անձամբ է դիմել:

«Միայն Նիկոլ Փաշինյանին չեմ դիմել, որովհետև եթե մարդը հայտարարում է, որ չի մտնելու խաղի մեջ, զանգեմ, որ ի՞նչ: Ես չեմ ասի, թե ինձ ինչ են պատասխանել, միայն կասեմ, որ բոլորն էլ ողջունել են գաղափարը, անգամ եթե հրաժարվել են մասնակցել, մասնակցության և չմասնակցության հարցերով դիմեք քաղաքական ուժերին, ես չեմ մեկնաբանելու մեր խոսակցությունները»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Դեպի հյուսիս «այո»-ի խմբում լինելու են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, և ՀՅԴ-ից՝ Արթուր Եղիազարյանը: «Ոչ»-ի խմբում են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից և Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներից»:

Դեպի հարավ մեկնող խմբում «այո» ասողների մեջ են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ–ական պատգամավորներ Վարդան Այվազյանը և Կարինե Աճեմյանը և ՀՀ Նախագահի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: «Ոչ»-ի խմբում են Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը:

«Ռեալիթի շոուն ենթադրում է նաև շոուի տարրեր: Բացի քարոզից ու բանավեճերից, մասնակիցները հանդիպելու են բնակիչների հետ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը, առանձին հարցազրույցներ, իսկ առավոտյան կլինի նախօրդ օրվա օրագիրը մոնտաժված տարբերակով:

«Մեր նպատակն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, որը 25 տարվա մեջ անձնական թշնամության է վերածվել, վերադարձնենք մի կետի, որն ամբողջ աշխարհում է ընդունված՝ քաղաքական գաղափարների պայքարի: Թե՛ ես, թե՛ Հրաչ Քեշիշյանը մարզերում շատ ենք եղել, հիմա ուզում ենք, որ քաղաքական գործիչները, ովքեր կտրված են, տեսնեն այդ ժողովրդին, դա կբերի մի փոքր լարվածության նվազման, որովհետև այդ մարդկանց շատ բան պետք չէ՝ նրանք ավելի շատ շփման, քան մեկ այլ բանի կարիք ունեն: Գյուղացին ուզում է «բա վերջն ինչ է լինելու» հարցը քաղաքական գործչին տա և պատասխան լսի»,-ասաց Կարեն Քոչարյանը: