Քարոզարշավն այն հարթակը չէ, որտեղ պետք է միավորվեն, ամեն մեկն իր ձևով պետք է տեղ հասցնի իր ասելիքը. Կարինե Աճեմյան


12:20 , 12 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Շուրջ 25 օր է մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. արդյո՞ք այս ժամանակահատվածում ժողովրդին կհասցնեն այնպես ներկայացնել նախագիծը, որ նրանք հստակ կողմնորոշվեն, թե ինչու պետք է «այո» կամ «ոչ» ասեն հանրաքվեին:

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն իրենց մեկնաբանությունը ներկայացրին  հարցի վերաբերյալ:

«Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը բավարար չէ, որ ոչ միայն քաղաքականությունից դուրս գտնվողները, այլ նաև քաղաքականությամբ հետաքրքրվողները ծանոթանան, թե ինչու են քվեարկելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նմանատիպ հիմնարար փաստաթղթերը շատ ավելի երկար ժամանակահատված են պահանջում քննարկելու համար, քան տրված է:

Նրա խոսքով՝ նախագծի վերջնական տարբերակից մինչև քարոզարշավ նույնիսկ երկու ամիս չի տրվել: Դա շատ քիչ ժամանակահատված է: Մինչդեռ, ըստ Մարտիրոսյանի, նախագիծը պետք է ամբողջովին քննարկվեր տարբեր շրջանակներում. իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքական գործիչներ:

«Եվ, վերջապես, հասարակությանը պետք է այդ ինֆորմացիան բազմակողմանի տրվեր, ինչը, ցավոք, տեղի չունեցավ»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը, ով նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է ներկայացնում:

Միևնույն ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե որքան ժամանակ էլ տրվեր, միևնույն է, քաղաքացիները խորապես չէին հետաքրքրվի սահմանադրությամբ մի պարզ պատճառով. «Մեր քաղաքացիները գիտեն, որ երկրում ոչ մի բան օրենքով չի կատարվում, օրենքն ըստ նպատակահարմարության է գործում, ուստիև, Սահմանադրությունը կարևոր փաստաթուղթ լինելով հանդերձ՝ մեծ նշանակություն ձեռք չի բերում»:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի կողմնակիցների մի քանի ճակատով գործելուն, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «ոչ»-ի բևեռներ գոյություն չունեն, կա «Նոր Հայաստանը», «Ոչ»-ը, որը կազմված է «Հայ ազգային կոնգրեսից» և «Հայաստանի ժողովրդական կուսակցությունից»: «Չեք անցկացնի»-ն քաղաքացիական նախաձեռնություն է, այն քաղաքական միավոր չէ:

«Մենք համագործակցությամբ աշխատում ենք, և ոչ միայն հանդիպումներ ենք իրականացնում, այլ նաև շատ օպերատիվ համագործակցում ենք, և եթե որևէ մեկը հանրահավաք է կազմակերպում, անպայման մասնակցում ենք այդ հանրահավաքներին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ և՛ մարզային հեռուստաալիքներով, և՛ տարբեր բանավեճերի միջոցով հասարակությանը ներկայացվում է համապատասխան քարոզչություն:

«Ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք ռեալիթի շոուն կնպաստի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում անտարբեր մարդ չմնա, բոլորը պետք է իրազեկված լինեն սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ դրա համար բոլոր ուժերը՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիրները, ինչպես նաև այն ուժերը, որոնք Ազգային ժողովում ներկայացված չեն, պետք է իրազեկեն հասարակությանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե խոսվում է «ոչ»-ի ճակատի տարբեր բևեռներով հանդես գալու մասին, մինչդեռ սահմանադրության փոփոխություններին «այո» ասողները նույնպես տարբեր բևեռներով են քարոզչությունն իրականացնում, արդյո՞ք դա ժողովրդին չի ապակողմնորոշում, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Դա շատ բնական եմ համար, յուրաքանչյուր կուսակցություն իր ռազմավարությունն ունի. «Հանրապետականն»՝ իր, «Դաշնակցությունն»՝ իր: Այդ ռեալիթի շոուում տարբեր ուժեր են ներկայացված: Շատ նորմալ է, որ տարբեր դաշտերում են գործում, քարոզարշավն այն հարթակը չէ, որտեղ պետք է միավորվեն, ամեն մեկն իր ձևով պետք է տեղ հասցնի իր ասելիքը»: