10:05 , 12 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԼՂ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների վրա, ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ որևէ այլ ցածր կարգավիճակ, քան՝ այսօր: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե Ադրբեջանը փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել այլ հարթակներ, որոնք, սակայն, չունեն միջազգային մանդատ՝ հարցի քննարկման համար, իսկ նրանց կողմից ընդունված բանաձևերը «թղթի կտորի» արժեք ունեն:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Մինսկի խումբը բանակցություններ է սկսել Գերմանիայի հետ՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր: Հայտնի է, որ Գերմանիան ցանկություն ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հնարավո՞ր է, որ համանախագահների բանակցությունները հանգեցնեն Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը կամ ընդլայնմանը:
- Ոչ: Սա ֆորմատի փոփոխության, կազմի ընդլայնման խնդիր չէ: Պարզապես Գերմանիան ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահող երկիրն է ու, բնականաբար, պետք է տեղեկատվություն ունենա ԼՂ հակամարտության գործընթացի մասին: Միշտ էլ այդպես է եղել: Երբ ԵԱՀԿ-ում նախագահում էր Հունաստանը, Հայաստան էր ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարը՝ որպես ԵԱՀԿ նախագահ:
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունն անհնար է: Բազում անգամներ հստակ նշվել է, որ դա նախևառաջ պետք է լինի բոլորի համաձայնությամբ: Բացի այդ, Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ հայտարարել են, որ ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում: ՄԽ-ում ընդգրկված է Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի: Թե՛ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, թե՛ Ուորլիքի վերջին հայտարարությունը, որ չի կարելի ԵԽԽՎ-ում կամ այլ պառլամենտական հարթակներում քննարկել Ղարաբաղի հիմնահարցը, որովհետև դա բացառապես Մինսկի խմբի խնդիրն է, դրա վառ ապացույցն են: Մի բան է Մինսկի խումբը, մի բան է՝ Մինսկի խմբի համանախագահությունը, սա պետք է տարանջատել: Մինսկի խումը երեք երկիր չէ, Թուրքիան ևս Մինսկի խմբի անդամ է, իսկ համանախագահությունը ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանն են: Ես՝ որպես քաղաքական գործիչ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունը տեսանելի չեմ համարում:
- Կան կարծիքներ, որ Մինսկի խումբն իրեն սպառել է: Գուցե այս տեսանկյունից ՄԽ փոփոխության կարիքը կա՞:
- Դա ասում է Ադրբեջանը: Մինսկի խումբն իրեն չի սպառել, խնդիրը ՄԽ-ն չէ, խնդիրը Ադրբեջանն է, որը կառուցողական տրամադրված չէ: Իսկ ոչ կառուցողական տրամադրությամբ կողմը պետք է արժանանա Մինսկի խմբի հասցեական գնահատականին: Համանախագահները մեկ անգամ չէ, որ նշել են, որ հարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: Այս մասին խոսել է և Ուորլիքը, և Լավրովը: Շահարկել հարցը, տեղափոխել այլ ատյաններ՝ անընդունելի է: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, խնդիրը Բաքվում է, չկա կոմպրոմիսի պատրաստակամություն, որը պետք է լինի հարցի կարգավորման համար: Միևնույն ժամանակ, բանակցությունները վարելը, դանդաղ առաջընթացը ավելի դրական է, քան դրա այլընտրանքը՝ պատերազմը:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տեղափոխում այլ հարթակ:
- Շահարկում են հարցը: Իրենց նպատակը մեկն է: ԵԽԽՎ-ի կամ պառլամենտական այլ ձևաչափերի բանաձևերի, զեկույցների արժեքը ընդամենը թուղթ է: Չեմ ուզում կոպիտ ասել, թուղթ է, թղթի կտոր, որը իրավական որևէ արժեք չունի: Այդ բանաձևը թղթի կտոր է, որովհետև չի կարելի զբաղվել մի գործով, որի մանդատը չունես: Չի կարելի հայտարարություն անել՝ չխորհրդակցելով միջազգային մանդատ ունեցող կառույցների հետ:
- Մամուլում առկախված է մնում հարցը, թե ինչո՞ւ էր ՌԴ ԱԳ նախարարը այցելել Հայաստան:
- Պետք չէ զարմանալ, նա մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարն է, Մինսկի խմբի համանախագահ, ուստի նրա այցը պետք է լինի սպասված, ոչ թե անակնկալ:
- Հրապարակվեցին տեղեկություններ, որ Լավրովը եկել էր համոզելու Ադրբեջանին տարածքներ տալու համար:
- ԼՂ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների վրա, ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրացնելու ինքնորոշման իրավունքը և չի կարող ունենալ որևէ այլ ցածր կարգավիճակ, քան՝ այսօր: