11:39 , 11 նոյեմբեր, 2015
Նոյեմբերի 12-22-ը Ռեյկյավիկում (Իսլանդիա) կայանալիք տղամարդկանց Եվրոպայի 20-րդ և կանանց 11-րդ թիմային առաջնությունների նախապատրաստության շրջանակում տղամարդկանց ու կանանց ՀՀ հավաքականները հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում ուսումնամարզական հավաք անցկացրին:
Նկատենք, որ գործող կարգի համաձայն՝ այս անգամ էլ ՀՀ հավաքականների կազմերը համալրեն ու պահեստային 5-րդ խաղացողներ են համարվում 2015թ. ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանն ու ՀՀ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը:
Իսկ ընդհանրապես թիմերի կազմերում հայտավորվում է 5 մարզիկ՝ 4 հիմնական և մեկ պահեստային:
Տղամարդականց ՀՀ հավաքականը կրկին հանդես է գալու շախմատի աշխարհի լավագույն մարզիչներից մեկի՝ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ: Տղամարդկանց ՀՀ ազգային ընտրանու կազմում նորեկից՝ Կարեն Գրիգորյանից բացի՝ այս անգամ էլ բարձր վարկանիշների շնորհիվ ընդգրկվել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն և Հրանտ Մելքումյանը: Այս անգամ կբացակայի մեր ամենատիտղոսակիր ու լեգենդար շախմատիստներից մեկը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Կանանց ՀՀ ազգային ընտրանին, որը վերջին տարիներին ելույթ է ունենում գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ, Իսլանդիայում ներկայանալու է Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և նորեկ՝ Սուսաննա Գաբոյան կազմով:
Նկատենք, որ ըստ նախնական հայտերի՝ տղամարդկանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալ 35 երկրի 36 հավաքականներ, որոնցում ընդգրկված են 178 շախմատիստ, այդ թվում՝ 133 գրոսմայստեր, միջազգային 32 և ՖԻԴԵ-ի 11 վարպետ: Ուշագրավ է նաև այն, որ Նորվեգիայի ազգային հավաքականի կգլխավորի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Իսկ ահա ՌԴ-ի հավաքականի կազմից կբացակայեն թե՛ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը և թե՛ 2015թ. աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը: Սակայն առանց նրանց էլ ՌԴ ընտրանին միջին անհատական վարկանիշով (2751) կրկին առաջինն է մրցաշարում:
Հավելենք, որ տղամարդկանց Բելգիայի ընտրանու 1-ին խաղատախտակի վրա հանդես կգա այդ երկրի քառակի չեմպիոն, գյումրեցի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, իսկ Ֆինլանդիայի հավաքականում էլ ընդգրկված է միջազգային վարպետ Միքայել Հակոբովը:
Կանանց մրցաշարում պատրաստվում են հանդես գալու 30 երկրի ընտրանիներ, որոնց կազմերում ընդգրկված են 146 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 77 գրոսմայստեր, միջազգային 28 և ՖԻԴԵ-ի 21 վարպետ:
Այստեղ էլ հերթական անգամ կանանց Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված է այդ երկրի կանանց 6-ակի չեմպիոնուհի, կանանց 2001թ. Եվրոպայի չեմպիոնուհի, աշխարհահռչակ հայ գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը:
Կանանց Հոլանդիայի ազգային հավաքականի պատիվն առաջին անգամ կպաշտպանի ստուգատեսի ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ մինչև 16 տարեկանների 2015թ. Եվրոպայի չեմպիոնուհի, 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա –Մայա Ղազարյանը:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող այս առաջնության 1-ին տուրի հանդիպումները կայանալու են նոյեմբերի 13-ին, իսկ եզրափակիչ 9-րդ տուրինը՝ նոյեմբերի 22-ին: Նոյեմբերի 18-ը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: 1-8-րդ տուրերում հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 19-ին, իսկ եզրափակիչ՝ 9-րդ տուրինը՝ ժամը 15-ին:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, շախմատի ՀՀ պատվիրակությունը մեկնեց Իսլանդիա:
Հերթական անգամ մեր հավաքականներից ակնկալիքները շատ մեծ են:
Տղամարդկանց ՀՀ ընտրանին թեև թիմային միջին վարկանիշով (2692) միայն 6-րդն է, սակայն Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականների հետ միասին համարվում է ստուգատեսի ֆավորիտներից մեկն ու հաղթողի գլխավոր հավակնորդը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց ՀՀ ընտրանին Եվրոպայի թիմային նախորդ՝ 19-րդ առաջնությունում Վարշավայում գրավել է 4-րդ տեղ: Իսկ ընդհանրապես Արշակ Պետրոսյանի սաները կարողացել են 1-ական անգամ նվաճել ոսկե (1999թ), արծաթե (2007թ) և բրոնզե մեդալ (1997թ):
Կանանց ՀՀ հավաքականը, որն Իսլանդիայում, ինչպես և մեր տղամարդկանց ընտրանին, նույնպես միջին թիմային 6-րդ վարկանիշն (2380) ունի ու նույնպես մրցանակային տեղի լիարժեք հավակնորդ է դիտվում, Եվրոպայի թիմային նախորդ՝ 10-րդ առաջնությունում Վարշավայում 2013թ-ին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Իսկ ընդհանրապես մեր շախմատիստուհիները կարողացել են 2003թ.-ին Պլովդիվում դառնալ Եվրոպայի թիմային չեմպիոն, իսկ 2007թ-ին Կրետեում էլ արժանանալ բրոնզե մեդալի:
Այնպես որ, մեր պատվիրակներից մեդալների ակնկալիքներն այս անգամ էլ միանգամայն հիմնավոր են ու իրատեսական: